Իրանի պաշտպանական քաղաքականության առաջնահերթությունները
Իրանի Մեջլիսում մեկնարկել են նախագահ Հասան Ռուհանիի ներկայացրած կառավարության նոր կազմի շուրջ քննարկումները: Նախարարների թեկնածուները Մեջլիսի տարբեր հանձնաժողովներում ընթացող քննարկումներում ներկայացնում են իրենց գերատեսչության առաջնահերթությունները:
Իրանի պաշտպանության և ԶՈւ աջակցման նախարարի թեկնածու է առաջադրվել Ամիր Հաթամին, որը կադրային սպա է, տարիներ ի վեր բարձր պաշտոններ է զբաղեցրել ինչպես ՊՆ-ում, այնպես էլ գլխավոր շտաբում՝ աշխատելով ներկայիս ԳՇ պետ Մոհամմադ Բաղերիի հետ:
Իրանի պաշտպանական գերատեսչությունն առաջիկա տարիներին նախատեսում է մեծացնել հրթիռային համակարգերի հզորությունը, զարգացնել ռազմական արդյունաբերությունը՝ խթանելով ռազմամթերքի արտահանումը, արդիականացնել ռազմաօդային, ռազմածովային ուժերի ենթակայությամբ գործող ռազմական տեխնիկան և այլն:
Հայաստանի և Իրանի պաշտպանական գերատեսչությունների միջև ձևավորված հաջող համագործակցությունը ի նկատի ունենալով հատկապես պետք է առանձնացնել ԻԻՀ ՊՆ ծրագրային դրույթներից մեկը, որը նախատեսում է բարեկամ երկրների հետ մշակել ընդհանուր մոտեցումներ: