Թուրքիայում նոր քրդական կուսակցության ստեղծման քայլեր են իրականացվում: Բարզանիամետ մի խումբ քուրդ գործիչներ քայլեր են իրականացնում Թուրքիայում այլընտրանքային քրդական նոր կուսակցության ստեղծման ուղղությամբ: Մ. Բարզանիի գլխավորած «Քրդստանի դեմոկրատական կուսակցության» համանուն թուրքական տարբերակը հավակնում է այլընտրանք դառնալ Թուրքիայի քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությանը»: Նախատեսվում է առաջիկայում կուսակցության գրանցման համար դիմում ներկայացնել Թուրքիայի ՆԳՆ:
Նախկինում Թուրքիայի իշխանությունների ոչ բացահայտ աջակցությամբ քայլեր էին իրականացվում նման՝ այսպես ասած այլընտրանքային կուսակցության ստեղծման ուղղությամբ՝ փորձելով քրդերի շրջանում Օջալանի, ՔԲԿ-ի և քրդական ոչ ցանկալի ուժերի դեմ հակակշիռներ ստեղծել: 2015 թվականից որոշ քրդական ուժեր այդ ուղղությամբ քայլեր էին իրականացնում, որոնք այդ ժամանակ ձեռնտու էին թուրքական կողմին:
Մի ժամանակ Բարզանիի հետ համագործակցությամբ թուրքական իշխանությունները փորձում էին Թուրքիայի քրդերի շրջանում որոշ իրողություններ փոխել, որի շրջանակում նախատեսվում էր նաև նոր քրդական քաղաքական ուժի ստեղծում: Դժվար է ասել՝ հիմա որքանո՞վ է սա բխում Թուրքիայի շահերից, արդյո՞ք սա թուրքական իշխանությունների «խնամակալության» տակ է, թե՞ ոչ և ի՞նչ ազդեցություն ունի ներկայում Բարզանին այդ դերակատարների վրա:
Լևոն Հովսեփյան