Սեփական ճանապարհը կերտել քրտինքով, աշխատանքով՝ անտրտունջ, հետևողական, ամենօրյա ռեժիմով:
Դժվարություններից սրտնեղելու փոխարեն հաղթահարել դրանք:
Սեփական ձախողումների համար աշխարհին մեղադրելու, անիծելու փոխարեն պատճառներն ու պատասխանատվությունը փնտրել ու գտնել անձիդ մեջ:
Արդարացում չփնտրել արարում, իրագործում չենթադրող տեսիլքների ու երազների շարադրմամբ, այլ քայլքով, վազքով, սողալով, թռչելով, ինքդ քեզ հաղթելով գնալ իրատեսական նպատակներիդ ետևից:

 


Չենթարկվել քեզ միջակության ու հարմարվողականության ճահիճը նետող միջավայրին:
Չերկնչել նորի, անորոշության, ռիսկի առջև:
Քննադատությունից կոտրվելու փոխարեն ամրանալ ու երկաթե կամք ձեռք բերել՝ ամենակարողության մեջ նախ ինքդ քեզ, ապա նաև աշխարհին ապացուցելով:
Հրճվել ոչ թե փառքից, այլ աշխատանքիդ ու թափածդ քրտինքի, անքուն հոգեմաշ, ինքնաքննադատող գիշերների արդյունքից:
Հույսը, հավատը կապել միայն ու միայն քեզ հետ, հավատալ ինքդ քեզ, քո առաքելությանը, քո նպատակներին:

 


Երբեք չդադարել ու չկոմպլեքսավորվել սովորելուց:
Ունենալ որդիական անսահման սեր, խոնարհություն, երախտագիտության մշտավառ ներքին կրակ՝ միաժամանակ ու առաջին հերթին լինելով անհատականություն:
Լինել դրսում և միշտ լինել Հայասատնում, այն կրել քո մեջ, անգամ երբ վայելում ես անձնական երջանկությանդ բերկրանքը:
Չգոռալ հայ և հայաստանցի լինելու մասին, այլ լինել այդպիսին կենսակերպով, առաքինությամբ, ինքնավստահ համեստությամբ, պրոֆեսիոնալ, պատասխանատու լինելով, օրինակելիության խորագույն, բայց չաղաղակող գիտակցությամբ:
Հաղթել մարդկային ու ազգային «փոքր ածու»-ական, «մեզնից ինչ է կախված», «ծուռ աշխարհի», «հայի վերջին խելքի» բարդույթները, ճեղքել ու պայթեցնել այն ստերեոտիպները, որոնք գլորում են քեզ պատմության անիվների տակ՝ թողնելով հավերժ տառապողի հոգեվիճակում:

 

Հենրիխ Մխիթարյան, Հենո ջան...
Առաջին հերթին որպես ծնող՝ շնորհակալ եմ, որ քեզնով տալիս ես նորացված ու նորոգված, առողջ Հայաստանի, Հայաստանի նոր քաղաքացու բանաձևը և հավատ ու վստահություն ես ներարկում իմ զավակին՝ սիրելու իր երկիրը, հպարտանալու իր ինքնությամբ և ոչ միայն հավատալու իր ազգի ու իր պետության հավերժությանը, այլև ինքնաբերաբար դառնալու դրա մարտիկը՝ իրեն վերապահված առաքելության սահմաններում: