Ընտրողների անձնագրային տվյալների հրապարակումը հակասում է Անձնական տվյալների պաշտպանության մասին օրենքի պահանջներին

 

Ընտրություններին մասնակցած քաղաքացիների ստորագրված ցուցակներում ընտրողների անձնագրային տվյալների հրապարակումը հակասում է անձնական տվյալների մշակման օրինականությանը եւ չի համապատասխանում անձնական տվյալների մշակման համաչափության սկզբունքին: Այս մասին ՀՀ ԱՆ անձնական տվյալների պաշտպանության գործակալությունը հայտնել է մայիսի 16-ի որոշմամբ։ Գործակալությունը ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովից պահանջել է երեք աշխատանքային օրվա ընթացքում արգելափակել ընտրություններին մասնակցած քաղաքացիների անձնագրային տվյալները՝ սահմանափակելով Կենտրոնական ընտրական հանձնաժողովի համացանցային կայքում դրանց մատչելիությունը երրորդ անձանց համար: Որոշումն ընդունվել է քվեարկությանը մասնակցած ընտրողների ցուցակները համացանցում տեղադրելու հետևանքով ՀՀ քաղաքացիների անձնագրային տվյալների հրապարակման համապատասխանությունն «Անձնական տվյալների պաշտպանության մասին» ՀՀ օրենքի պահանջներին ստուգելու նպատակով մայիսի 2-ին հարուցված վարչական վարույթի արդյունքում:

 

Վարույթը հարուցվել էր ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի կողմից ՀՀ արդարադատության նախարարությանը հասցեագրված գրության հիման վրա: Իր հերթին ՄԻՊ գրասենյակ այս խնդրով դիմել էր քաղաքացի Արթուր Բուլղադարյանը, ով բարձրացրել էր անձնագրային տվյալների հրապարակման՝ ՀՀ գործող օրենսդրությանը համապատասխանության հարցը, ինչպես նաև խնդրել ձեռնարկել միջոցներ hրապարակված անձնագրային տվյալները ուղեփակելու ուղղությամբ:

Լուսանկարը' Photolure-ի