Երբեմն բավականին ուշագրավ է հետևել Կարեն Կարապետյանի այո՛, էմոցիոնալ, այո՛ ժարգոնային լեզվով հագեցած, բայց կարծում եմ՝ ազնիվ պոռթկումներին։ Մարդը երկար տարիներ չի ապրել մեր իրականությունում ու անգամ երեք ամիս անց շարունակում է շոկահարվել պետական համակարգի ոսկրացման դրսևորումներով։

 


ՈՒ խնդիրը առանձին ոլորտների բան չէ։ Ես անգամ կասեի, որ առանձին ոլորտներում կարելի է գտնել եզակի բացառություններ, երբ «պալիտբյուրոյի մտածելակերպով» պարոնայք չեն օրակարգ թելադրողները, բայց կրկնում եմ՝ դա եզակի բացառությունների դեպքում է այդպես։
Իսկ ինչո՞ւ է այդպես, ինչպե՞ս է ստացվում, որ անգամ ԽՍՀՄ փլուզումից հետո ծնված կաթնակերը (молокосос), հայտնվելով չինովնիկական աթոռում, սկսում է դրսևորել պարտնոմենկլատուրայի մառազմատռիկ նիձուկի վարքագիծ ու մտածելակերպ։ Պատասխանը պարզ ու ակներև է․ համակարգում տիրող գաղջ մթնոլորտը ինքնին մղում է դրան, իսկ «ուսուցիչները» այդ համակարգում տարիներով եփված ու «պալիտբյուրոյի մտածելակերպի» սենսեյ դարձած կերպարներ են։

 


Սրա պատճառները կոմպլեք են ու բազմաթիվ, բայց առաջին հերթին կառանձնացնեի չինովնիկ դառնալու հայկական ավանդական ձևը՝ ԽԾԲ-ն։ Քաղծառայողների հաստիքները լրացվում են ոչ թե արժանի ու նույնիսկ ոչ այնքան արժանի դիմորդներից ընտրություն կատարելով, այլ առավել հաճախ՝ խնամի-ծանոթ-ընկեր-բարեկամ մեխանիզմի գործարկմամբ։

 

Աշխատանքային պայմաններն ու վարձատրությունն էլ այնպիսին են, որ չի մոտիվացնում երիտասարդ կադրին ինքնակրթվելու, զարգանալու, ճտպտան լինելու համար։ Փոխարենը, քաղծառայողների մի ստվար բանակ իր աշխատանքային օրը մեռցնում է սուրճ խմելով ու նույնիսկ ամենաչնչին գործը մաքսիմալ ձգձգելով ու բարդացնելով, իսկ ամսվա վերջում ստանում է իր ռոճիկը։ Միակ երազանքն էլ ու կարիերային հեռանկարը նման դեպքերում այն է, որ մի լուսավոր օր՝ հարյուրավոր լիտր սուրճ կլանելուց հետո, ծանոթով, կամ էլ ռոտացիայով հասնի այնպիսի պաշտոնի, որի պարագայում կարելի է նույն սրճախմությամբ ու «պալիտբյուրոյի մտածելակերպով», ռոճիկից բացի նաև ատկատ ու կաշառք ստանալ։

 

Գրիգոր Բարսեղյան