Եղբայրական երկու երկրների'Ադրբեջանի ու Թուրքիայի հարաբերությունները գտնվում են ամենաբարձր մակարդակում։ Այդ մասին АПА–ի հետ զրույցում հայտարարել է Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն։


«Մենք միշտ ուրախ ենք ծառայել Ադրբեջանին։ Մենք պարբերաբար խորհրդակցում ենք, հանդիպումներ անցկացնում։ Եռակողմ 'Թուրքիա–Ադրբեջան–Վրաստան և Թուրքիա–Ադրրբեջան–Թուրքմենստան հանդիպումները տեղի կունենան Բաքվում»,–հավելել է նա։
Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի մաքսային ծառայությունները վերջերս պայմանավորվել են հեշտացնել Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծով ապրանքների տարանցման ընթացակարգերը և սահմանել այսպես կոչված մի «պատուհանի սկզբունք»՝բեռները երեք երկրների տարածքով տարանցելու համար: Չմոռանանք, որ այդ նույն սկզբունք է սահմանվելու շուտով նաև Ադրբեջան-Ղազախստան բեռնափոխադրումների (Բաքու-Աքթաու լաստանավային փոխադրումների) համար: Թուրքիայի, Վրաստանի ու Ադրբեջանի միջև առկա նավթագազային նախագծերին գումարվելու է նաև տրանսպորտային տարրը՝ Բաքու-Թբիլիսի-Կարսի տեսքով, ինչպես նաև Բաքվից դեպի Բաթումի արագընթաց ավտոմայրուղու տեսքով՝Սև ծով-Կասպից ծով միջանցքի ձևավորման համատեքստում:


Բացի այդ, երեք երկրներն ամեն տարի համատեղ զորավարժություններ են իրականացնում, Թուրքիան, որպես ՆԱՏՕ-ի անդամ և տարածաշրջանային տերություն զինում, մարզում է վրացի և ադրբեջանցի զինվորականներին՝ռազմա-տեխնիկական և այլ համագործակցության ֆորմատներով: Երեք երկրները միավորելու են նաև իրենց էներգետիկ համակարգերը՝«Էներգետիկ կամուրջ» կոչվող ծրագրի շրջանակներում ՝էլէներգիան Ադրբեջանից Վրաստանի տարածքով ուղղվելու է Թուրքիա, իսկ որոշ ամիսներին Թուրքիայից ուղղվելու է հակառակ ուղղությամբ:


Չմոռանանք, որ Վրաստանն իր Ազգային անվտանգության ռազմավարությունում Թուրքիան ու Ադրբեջանը դիտարկում է որպես ռազմավարական գործընկերներ, իսկ Վրաստանն ու Ադրբեջանը նաև ՎՈՒԱՄ անդամ են: Արտաքին և տարածաշրջանային քաղաքականության առումով երեք երկրները գործում են միասնական ուղենիշներով՝ՌԴ-ը շրջանցող էներգետիկ-տրանսպորտային միջանցքի ստեղծման՝Մոսկվայի հարավկովկասյան գլխավոր դաշնակից ՀՀ-ի մուկուսացման համար:


Ադրբեջանն ակտիվորեն օգտագործում է տեղի կես միլիոնի հասնող ադրբեջանական համայնքը՝գործում է «Վրաստանի ադրբեջանցիների կոնգրեսը», այլ ՀԿ-ներ, ինչպես նաև SOCAR-ի ֆինանսավորմամբ հիմնականում ադրբեջանաբնակ Քվեմո-Քարթլիում իրականացվում են բազմաթիվ սոցիալական, ենթակառուցվածքային և այլ նախագծեր: Հայաստանի համար կենսական նշանակության ՝«կյանքի ճանապարհը» անցնում է Վրաստանի հենց ադրբեջանաբնակ շրջաններով՝ պատերազմի դեպքում՝ հայ-ադրբեջանական, Ղարաբաղում, տեղի ադրբեջանցիները կարող են Բաքվի դրդմամբ փորձեն կտրել այդ ճանապարհը, կամ դրանով անցնելը դարձնեն վտանգավոր:


Փորձ է արվում Թուրքիա-Վրաստան-Ադրբեջան էներգետիկ-տրանսպորտային միջանցքի գործունեությանը ներգրավվել նաև նավթագազային հարուստ ռեսուրսներ ունեցող Թուրքմենստանին, ինչը առաջին հերթին բխում է Արևմուտքի շահերից: Վերոնշյալ դաշինքի ձևավորումը թույլ կտա Արևմուտք-Ռուսաստան աշխարհաքաղաքական լարվածության ֆոնին լուծել այլընտրանքային ճանապարհներով Եվրոպա առաքվող էներգակիրների հարցը: ԱՄՆ-ը և ԵՄ-ը ցանկանում են նվազեցնել եվրոպական երկրների գազային կախվածությունը «Գազպրոմից»:


Կասպյան ավազանի հետ կապված գլխավոր նախագծերից է համարվում Տրանսկասպյան գազամուղը, որը պետք է 300 կմ երկարությամբ ձգվի Կասպից ծովի հատակով' Թուրքմենստանից մինչև ադրբեջանական ափ, այնտեղից օգտագործելով այդ երկրի էներգետիկ համակարգը արտահանվի Արևմուտք' Բաքու-Թբիլիսի-Էրզրում գազամուղի կամ ադրբեջանա-թուրքական նախագիծ համարվող TANAP գազամուղի օգնությամբ' շրջանցելով Ռուսաստանը և Իրանը:


Վերջերս Թուրքմենստանը որոշում կայացրեց Կասպից ծովի ափին նոր նավահանգստի շինարարության իրականացման վերաբերյալ: Թուրքմենբաշու միջազգային առևտրային նավահանգստի հիմնարկեքին մասնակցել են Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը և Թուրքիայի այդ ժամանակ վարչապետ(այժմ նախագահ) Ռեջեփ Թայիփ Էրդողանը:


Թուրքմենական նոր նավահանգիստը կլինի բազմաֆունկցիոնալ և այն կկարողանա սպասարկել նավթ, գազ արտահանող տանկերներ, դեպի նավահանգիստ կկառուցվեն նոր ճանապարհներ և երկաթգիծ, որպեսզի նավահանգիստը ձեռք բերի տարանցման մեծ հնարավորություններ՝ դեպի Կենտրոնական Ասիայի այլ երկրներ և Չինաստան:


Էրդողանի մասնակցությունը հիմնարկեքին բացատրվում է ինչպես թուրքական ավանդական հետաքրքրություններով՝ Կենտրոնական Ասիայի թյուրքական երկրներում ամրապնդվելու և ազդեցության լծակներ ձեռք բերելու առումով, ինչպես նաև այն փաստով, որ հենց թուրքական «Gas Insaat» ընկերությունն է շահել Թուրքմենբաշիի նավահանգստի շինարարության տենդերը:
Հավելենք, որ Թուրքիա-Ադրբեջան-Թուրքմենստան էներգետիկ-տրանսպորտային միջանցքի և քաղաքական դաշինքի ձևավորման համար պետք է առաջին հերթին իրենց լուծումը գտնեն Կասպից ծովի իրավական կարգավիճակի հարցը և ադրբեջանա-թուրքմենական հակասությունները՝վիճելի հանքավայրերի պատկանելիության հետ կապված:

 

Արտյոմ Բալասանով