Իրանի նախագահ Հասան Ռոհանին այցելել է Քրդստան նահանգի Սանանդաջ քաղաք, որտեղ կառուցվում է երկաթգիծ'այդ երկաթգծի միջոցով Իրանն' Իրաքյան Քրդստանի տարածքով դուրս է գալու Սիրիայի միջերկրածովյան ափ։
Ռոհանին կարևորել է այդ երկաթգծի շինարարությունը, ինչը թույլ կտա ստեղծել հազարավոր աշխատատեղեր իրանական Քրդստանում, ինչպես նաև Իրանը կկարողանա դուրս գալ Միջերկրական ծով։

 


Իրանական Քրդստան–Իրաքյան Քրդստան–Սիրիա տրանսպորտային միջանցքի ստեղծմամբ Թեհրանը միանգամից լուծում է մի քանի ռազմավարական խնդիր։
Առաջինը'Իրանական Քրդստանը համարվում է Իրանի ամենաաղքատ շրջաններից մեկը'սոցիալական մեծ լարվածությունը, աշխատատեղերի բացակությունը այստեղ ազդում է նաև քրդական անջատողականության վրա'այստեղ գործող բազմաթիվ քրդական կազմակերպություններ ձգտում են այդ նահանգը տարանջատել Իրանից։
Թեհրանը ցանկանում է այդ շրջանը կապելով երկրի մյուս շրջաններին'մայրաքաղաք Թեհրանին, ակտիվացնել տնտեսական կյանքը իրանական Քրդստանում ու փորձել կանխել տարանջատման միտումներն այդտեղ։

 


Մյուս կողմից, Իրանը սկսում է ակտիվորեն աշխատել Իրաքյան Քրդստանի հետ, որի տարածքով պետք է անցնի այդ երկաթգիծը։ Փաստացի, Թեհրանը ցանկանում է Իրաքյան Քրդստանում ավելացնել իր տնտեսական ներկայությունն ու փեշմերգան օգտագործել հենց այդ երկաթգծի անվտանգության ապահովման համար։ Իրաքյան Քրդստանն ու այնտեղ իշխող Բարզանիի կլանը մեծ տնտեսական կապեր ունի Թուրքիայի հետ'արտահանվում է գազ և նավթ, այժմ էլ Թեհրանը ցանկանում է հավասարակշռել թուրքական տնտեսական էքսպանսիան ու ներկայություն այդ շրջանում ու փորձել Իրաքյան Քրդստանի տարածքով դուրս գալ դեպի Միջերկրական ծով'իրանական ապրանքները դուրս են գալու եվրոպական շուկաներ նաև այդ ուղղությամբ'նվազեցնելով կախվածությունը Թուրքիայից, Հորմուզի նեղուցից և Սուեցի ջրանցքից։ Իրանը ցանկանում է դիվերսիֆիկացնել իր արտահանման հնարավորությունները'տարանցման աշխարհագրությունը։

 


Սակայն այստեղ ավելի կարևոր է այդ երկաթգծի ու հնարավոր է նաև ապագայում կառուցվի նույն այդ «շիական առանցքով»'Իրան–Իրաք–Սիրիա գազա և նավթամուղեր դեպի Միջերկրական ծով, աշխարհաքաղաքական ու ռազմավարական նշանակությունը։
Այդ տրանսպորտային ուղղությամբ Իրանը կկարողանա ռազմական, նյութա–տեխնիկական աջակցություն ցուցաբերել Սիրիային ու լիբանանյան Հզբոլահ շարժմանը, որի անդամների մի զգալի մասը այժմ գտնվում է Սիրիայում։

 


Պետք է նշել, որ այդ երկաթգծի կառուցումը հանգեցնելու է Իսրայելի, Սաուդյան Արաբիայի և հակաիրանական ուղղվածությամբ այլ երկրերի փորձերին'անընդհատ հարվածի տակ պահել այդ երկաթգիծը։ Իսրայելը հասկանում է, որ Իրանը դուրս գալով Միջերկրական ծով ավելի է մեծացնելու իր աջակցությունը «շիական առանցքի» իր դաշնակիցներին'ասադյան Սիրիային ու Հզբոլահին։ Իսրայելի հատուկ ծառայությունները փորձելու են խափանել այդ տրանսպորտային միջանցքի գործունեությունը'թե իր ուժերով, թե զինելով ու ֆինանսավորելով Իրաքում գործող սունիական, հակաիրանական տարբեր խմբավորումներին։ Նույն կերպ, Իսրայելը կփորձի ֆինասնավորել ու զինել ապստամբերին իրանական Քրդստանում։ Նույն կերպ կարող է վարվել Սաուդյա Արաբիան'շիա–սունի հակամարտության շրջանակներում զինելով սունիական խմբերին Իրաքում'Էռ–Ռիյադը մեծ ազդեցություն ունի իրաքյան սունիական տարբեր ցեղախմբերի ու զինյալ խմբերի վրա։

 


Այսպիսով, Իրանի գործողություններն ուժեղացնել իրանական ազդեցությունը Մերձավոր Արևելքում'pax iranica կառուցել Մեծ Մերձավոր Արևելքում'Աֆղանստանից մինչև Մահրիբ, հանգեցնելու է Իրանի մի շարք տարածաշրջանային հակառակորդների'Իսրայել, Ծոցի միապետություններ, Թուրքիա'նրանց համակարգող ԱՄՆ–ի, պատասխան քայլերի։
Մերձավոր Արևելքում ցանկացած, անգամ տրանսպորտային նախագիծ դիտարկվում է որպես աշխարհաքաղաքական «մեսիջ» ու հանգեցնում հակազդող քայլերի։