Առաջիկա խորհրդդարանական ընտրությունների արդյունքները, եթե դրանք իսկապես ազատ, ժողովրդավարական ընտրություններ են, կարող են կանխորոշել միմյայն սոցիոլոգիական հարցումները: Այդպես է բոլոր զարգացած երկրներում, որտեղ այս կամ այն թեկնածուի կամ քաղաքակամ ուժի ապագա քվեների քանակը հնարավոր է պարզել բացառապես ընտրողի կարծիքը հարցնելով և ըստ պատախսանների վերհանել ապագա արդյունքների մոտավոր պատկերը:


Շեղումներ իհարկե կարող են լինել, բայց դրանք չնչին են լինում, հատկապես երբ հարցումները իրականացվում են ընտրություններին հնարավորինս մոտ ժամկետներում:


Հայաստանում, կարծես, նույնպես հաստատվել է նման մշակույթ: Ժամանակ առ ժամանակ համացանցում հայտնվում են սոցհարցումների արդյունքներ, որոնք արտացոլում են ապագա ընտրություններում մասնակից ուժերի ստանալիք քվեների հարաբերակցությունը:


Այսպես, վերջին մի քանի հայտնի հարցումները, որոնց արդյունքները հայտնվել են լրատվամիջոցներում, փաստում էին, որ հարցման արդյունքներով «Ծառուկյան» դաշինքը ունի ամենաբարձր վարկանիշը: Այսպես, ըստ ВЦИОМ հեղինակավոր կազմակերպության իրականացրած հարցման, «Ծառուկյան» դաշինքը ուներ 26 տոկոս, ՀՀԿ-ն՝ 19 տոկոս, իսկ ԵԼՔ-ը, ՀՅԴ-ն և ՀՎԿ-ն նշված էին որպես անցողիկ շեմը հաղթահարող ուժեր:


Մեկ այլ հեղինակավոր կազմակերպություն՝ «Գելափ»-ը նույնպես իրականացրել էր հարցում, ըստ որի «Ծառուկյան» դաշինքը կրկին առաջատար էր եղել 26.4 տոկոս արդյունքով, ՀՀԿ-ն 22.8 տոկոս, ԵԼՔ-ը՝ 4.3 տոկոս:


Այս հարցումները տալիս էին առաջիկա ընտրությունների արդյունքների մոտավոր պատկերը, այնպես, ինչպես սովորաբար լինում է նման դեպքերում:


Սակայն օրեր առաջ լրատվամիջոցներից մեկը հրապարակեց մի հոդված, որտեղ գրված էին առաջիկա ընտրություններում կանխատեսվող արդյունքներ, որոնք ամբողջությամբ հերքում էին, զրոյացնում մինչ այս հրապարակված սոցհարցումների տվյալները: Այսպես, ըստ այդ հոդվածի, առաջիկա ընտրություններում ՀՀԿ-ն պատրաստավում է ստանալ 55 տոկոս ձայն, «Ծառուկյան» դաշինքին վերապահված է 35 տոկոս, «Ելք» դաշինքին՝ 7-10 տոկոս, ՀՎԿ-ին 7, ՀՅԴ-ին 5 տոկոս: Ընդ որում հոդվածում հղում չկար որևէ սոցհարցման, պարզապես ներկայացված էին թվեր և վերջ, որոնք ամբողջությամբ հակասում էին վերոնշյալ հարցումներին:


Եթե հարցումները արտացոլում են հասարակության իրական նախընտրությունն ու սպասելիքները, ապա հարց է առաջանում, թե ի՞նչ հիմք ունեն լրատվամիջոցի հրապարակած վերջին տվյալները: Եթե դրանք անուղղակի կերպով ակնարկում են, որ առաջիկա ընտրություններում լինելու է այնպես, ինչպես գրված է, ապա ի՞նչ իմաստ ուներ ընդունել նոր ընտրական օրենսգիրքր, ինչ իմաստ ունի անցկացնել նախընտրական քարոզարշավ, հանդիպել մարդկանց հետ, ներկայացնել ծրագիր, մի խոսքով բեմադրել ինչ-որ տրագիկոմեդիա՝ վերջում արդեն կանխորոշված արդյունքները նկարելու համար:
Ի՞նչն է հիմք տալիս ստանալ 55 % քվե, աղքատությո՞ւնը, արտագա՞ղթը, տնտեսական ճգնաժա՞մը թե իրականությանը հակընդդեմ գունեղ ու զվարթ հայտնի տեսահոլովակը:
Իսկ եթե ընտրությունների արդյունքները արդեն կանխորոշված են և վերոնշյալ թվերը այդ մասին հստակ մեսիջ են պարունակում, ապա պետք է օր առաջ դադարեցնել նախընտրական քարոզարշավ կոչվող ֆարսը, իսկ «ընտրակաշառքների» դեպքերով ուշադրությամբ զբաղվող ու արագորեն արձագանքող ԿԸՀ-ին հրահանգել հենց այսօր էլ նկարել այդ արդյունքները:

 

Սիմոն Հայրապետյան