Իրաքյան պետական քարոզչամեքենան այնքան է ապատեղեկատվություն տարածել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման ղեկավար Աբու Բաքր ալ-Բաղդադիի մասին՝ հաղորդելով մե՛կ նրա ծանր վիրավորվելու, մե՛կ սպանվելու, մե՛կ ծայրահեղ ռազմական իրավիճակի պատճառով Իրաքից փախչելու վերաբերյալ, որ լրատվամիջոցների տարածած վերջին տեղեկատվությանն առ այն, թե իբր ալ-Բաղդադին ընդունել է պարտությունը և կոչ արել կողմնակիցներին՝ թողնել զբաղեցրած տարածքներն ու հաստատվել լեռնային շրջաններում, մեղմ ասած, դժվար է հավատալ:

 

Ինչ խոսք, ԻՊ-ի շուրջ ներկայում ստեղծված բարդագույն իրավիճակի պայմաններում՝ հատկապես Մոսուլի արևմտյան հատվածի ամբողջական ազատագրման խրթին ռազմագործողությանն ընդառաջ, իրաքյան իշխանությունների համար կառույցի դեմ առավել արագ և համեմատաբար սակավ կորուստների գնով հաջողություններ արձանագրելու նպատակով կարևոր է նաև հոգեբանական առավելություն ստանալ հակառակորդի նկատմամբ՝ փորձելով նաև քարոզչական նման հնարքներով ջլատել նրա ներուժը, բայց... ինչպես ժողովրդական ճշմարտությունն է փաստում՝ «սուտ ասողի տունը կրակ ընկավ, ոչ ոք չհավատաց»:

 

Արմեն Պետրոսյան