Փետրվարի 16-ին Մյունխենում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հանդիպել են Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանի և Էլմար Մամեդյարովի հետ: Փետրվարի 17-ին Մինսկի խումբը հայտարարություն է տարածել:
Նշվում է, որ համանախագահները նախարների հետ քննարկել են հայ-ադրբեջանական զորքերի շփման գծում ստեղծված իրավիճակը: Մինսկի խումբը վերահաստատել է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը խաղաղ կարգավորման այլընտրանք չունի և կողմերին կոչ է արել զսպվածություն ցուցաբերել ինչպես տեղանքում, այնպես էլ հրապարակային հայտարարություններում և բնակչությանը նախապատրաստել խաղաղության և ոչ թե պատերազմի: Համանախագահները հակամարտող կողմերին նաև կոչ են արել խստորեն հետևել 1994-1995թթ. հրադադարի համաձայնագրին, որոնք հիմք են հանդիսանում ռազմական գործողությունները դադարեցնելու համար:
Համանախագահները շեշտել են, որ նախարարները պետք է պատրաստակամություն ցուցաբերեն և վերսկսեն համապարփակ բանակցությունները՝ որքան հնարավոր է շուտ կայուն կարգավորման հասնելու նպատակով:


Մինսկի խումբը կրկին անգամ հանդես է գալիս արդեն «շաբլոն» դարձած հայտարարություններով, որոնք չեն քննադատում Ադրբեջանի ագրեսիան, որը չի դադարում 2017թ.–ի առաջին իսկ օրերից։ Ամեն օր ԼՂՀ ՊԲ–ը հանդես է գալիս հայտարարություններով նշելով, թե ինչ զինատեսակներից է Ադրբեջանը կրակ արձագել հայ դիրքապահների ուղղությամբ։ Չի բացառվում է, որ այդպիսի կրակն ունի նաև «հետախուզական» բնույթ'պարզելու համար կրակակետերի դիրքերը, զինատեսակների առկայությունն ու միջազգային արձագանքը։


Ապրիլյան իրադարձությունները ցույց տվեցին, որ Բաքուն ականջալուր չի լինելու Մինսկի խմբի հայտարարություններին'Ադրբեջանը «հարմար» պահ որսաց և հարձակվեց'գրավելով մի շարք ռազմավարական նշանակության հենակետեր ու տարածքներ։ Միայն լուրջ ջանքերի ու մեծ զոհերի գնով հնարավոր եղավ կանխել ադրբեջանական զորքերի ծավալումը օպերատիվ և ռազմավարական խորության վրա։ Ադրբեջանը «հաջողություն» գրանցելու պարագայում շարժվելու էր դեպի Սարսանգի ջրամբար ու Քելբաջար–Մարտակերտ ճանապարհ, հարավում'մերձարաքսյան հարթավայրային, տանկերի համար հարմար ուղղությամբ շարժվեր դեպի Ասկերանի ու Հադրութի թիկունք, իսկ գլխավոր ու հիմնական ուղղությունն Աղդամի ուղղությունն էր, որտեղից մինչև Ստեփանակերտ մի քանի տասնյակ կմ է, ինչն արդի տեխնիկայի պայմաններում ուղղակի ոչինչ է։


Բաքուն «դասեր» քաղելով ապրիլյան քառօրյայից շարունակում է ակտիվորեն զինվել'բաց տեղեկատվական աղբյուրների տեղեկություններն անգամ խոսում են այն մասին'Իսրայելից Երկաթե գմբեթի գնումը, նոր, սեփական արտադրության զրահամեքենայի ցուցադրությունը, անօդաչուների սեփական արտադրության հիմնումը, Պակիստանից կործանիչների գնման մասին լուրերը, որ Ալիևը պատրաստվում է լայնածավալ պատերազմի։


Ինչ վերաբերվում է ապրիլյան իրադարձությունների կրկնություններին, ապա դա այլևս շատ բարդ է լինելու'հայկական առաջնագիծը ամրապնդվել է, բերվել է նոր տեխնիկա և սարքավորումներ, բարձրացվել է զգոնության աստիճանը։ Սակայն Ադրբեջանը շարունակելու է մանր սադրանքների ու «հյուծիչ» պատերազմի ռազմավարությունը'դիպուկահարների պատերազմ, ժամանակ առ ժամանակ կրկնվող դիվերսիոն խմբերի ներթափանցում, գնդակոծությունների'Արցախի տարբեր ուղղություններով'զոհեր պատճառելու ու հոգեբանորեն Արցախի ու ՀՀ–ի բնակչության վրա ազդելու համար'նրանց զավակները կանգնած են առաջնագծում։


Ադրբեջանը զինվում է թե ՌԴ–ի, թե հետխորհրդային մյուս երկրների ռազմա–տեխնիկական ներուժն'Ուկրաինա, Բելառուս, օգտագործելով։ Բացի հիմնական ռազմավարական գործընկերների'Թուրքիա, Իսրայել, Բաքուն փնտրում է նաև նոր գործընկերներ'Պակիստանը, որը ռազմական ներուժով շատ լուրջ երկիր է։


Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը մեկնում է Պակիստան, որտեղ կմասնակցի Տնտեսական համագործակցության կազմակերպության նիստին, փոխանցում է պակիստանյան Tribune թերթը։ Նշվում է, որ երկրների միջև ստորագրվելու են տնտեսական համաձայնագրեր, այդ թվում Պակիստան նավթի և գազի առաքման, ինչպես նաև ադրբեջանական ընկերությունների կողմից հեղուկ գազի տերմինալի շինարարության շուրջ։


Նախատեսվում է, որ Իլհամ Ալիևը կհանդիպի Մամնուն Հուսեյնի հետ ու կքննարկի երկրների միջև ռազմա–տեխնիկական համագործակցությունը։ Այս պահին Պակիստանը քննարկում է ադրբեջանական Azerspace-1 արբանյակն օգտագործելու հնարավորությունը։ Այդ մասին օրերս հայտարարել է Պակիստանում Ադրբեջանի դեսպան Ալի Ալիզադեն։ Ադրբեջանի առաջին արբանյակն ուղեծիր է դուրս բերվել 2013թ.–ին։ Azerspace-2–ի ուղեծիր դուրս բերելը նախատեսվում է իրականացնել 2017թ.–ին։


Պակիստանը նաև պատրաստ է Ադրբեջանի ռազմա-օդային ուժերն ապահովել JF-17 Thunder կործանիչներով: Այդ մասին Azeri Defence-ին հայտարարել է պակիստանյան աէրոնավիգացիոն համալիրի(Pakistan Aeronautical Complex Kamra) ղեկավար, ռազմա-օդային ուժերի մարշալ Արշադ Մալիքը, որը նշել է, որ իրենք սերտորեն համագործակցում են Ադրբեջանի ռազմա-օդային ուժերի հետ ու Պակիստանից կործանիչների առաքման հետ կապված որևէ խնդիր չկա:


Ըստ Մալիքի' JF-17-ում հնարավոր է օգտագործել ռուսական, ինչպես նաև ՆԱՏՕ-ի երկրների արտադրության հրթիռներով: Մարշալը հավելել է, որ Իսլամաբադը պատրաստ է Բաքվի հետ կիսվել տեխնոլոգիաներով:

 

Արտյոմ Բալասանով