Վերջերս հրապարակված գերմանական կառավարության գաղտնի զեկույցում տեղ գտած որոշ տվյալների համաձայն՝ առաջիկա 40 տարիների ընթացքում Գերմանիան պետք է ընդունի տարեկան մոտ 300 հազ. գաղթական, եթե ցանկանում է պահպանել բնակչության թվաքանակը ներկա 82 մլն-ի սահմաններում:
Փաստաթղթից նաև կարելի է ենթադրել, որ 2015թ. միգրանտների առջև դռները լայն բացելով, Անգելա Մերկելն առաջնորդվել է առավելապես ժողովրդագրական, քան մարդասիրական դրդապատճառներով:
Բանն այն է, որ նման ծավալներով ժողովրդագրական անկման խնդիր գոյություն ունի նաև եվրապական այլ երկրներում, մասնավորապես Իտալիայում, որն, ի դեպ, 19-20-րդ դարերում ունեցել է գերբնակեցվածության խնդիր, ինչը փորձել է լուծել՝ միգրանտների զանգվածներին ուղղորդելով դեպի ԱՄՆ, Արգենտինա և այլ երկրներ, իսկ ներկայում չի կարողանում սեփական բնակչության բնական աճ ապահովել:
Այսուհանդերձ, չնայած դեմոգրաֆիկական խնդիրներին, օրերս անցկացված սոցիոլոգիական հարցումների տվյալներով, եվրոպական երկրների բնակչության մեծամասնությունը(ընդհանուր առմամբ, շուրջ 55%) հանդես է գալիս մահմեդական երկրներից տեղի ունեցող ներգաղթի դեմ՝ էական սպառնալիք զգալով սեփական մշակույթի դեմ:
Արմեն Պետրոսյան