Թրամփի վարչակազմի կողմից Իրանի նկատմամբ քաղաքական ճնշումների բանեցմանը զուգահեռաբար Իրանի պաշտոնական հայտարարություններում նախկին լիբերալ մոտեցումների փոխարեն գնալով ուրվագծվում են պահպանողական հայացքները.

 

Դա ակնառու է հատկապես երկրի նախագահ Հասան Ռոուհանիի վերջին մի քանի հրապարակային հայտարարություններում, որտեղ հնչեցված պահպանողական մոտեցումները, որպես կանոն, զուգորդվում են հակաամերիկյան տրամադրություններով. Սա Իրանի ղեկավարության կողմից Թրամփի վարչակազմին հասցեագրված հստակ մի մեսիջ է, որտեղ իրանական կողմը ընդգծում է Իրանի նկատմամբ ամերիկյան ճնշումների համատեքստում երկրի վերնախավում պահպանողական թևի դիրքերի ամրապնդման հնարավորությունների մասին.

 

Չպետք է մոռանալ, որ Իրանում մայիսին նախատեսվում են նախագահական ընտրություններ, և եթե Թրամփի վարչակազմը շարունակի իր հակաիրանական քաղաքականությունը, ապա չի բացառվում, որ Իրանի հասարակությունում կրկին կոնսոլիդացվեն պահպանողական ուժերը. Մյուս կողմից, այս ամենի համատեքստում Իրանի հոգևոր ղեկավարությունն իր հերթին կարող է նախագահական ընտրությունների շեմին աջակցություն ցուցաբերել երկրի առավել պահպանողական թևին.

 

Կարեն Վերանյան