Երեկվանից համացանցային տարբեր լրատվամիջոցներ խոսում են ՄՈՍԱԴ-ի ղեկավարի հարցազրույցի ու Իսրայելի վարչապետի՝ Ադրբեջան կատարվելիք այցի մասին: Խոսվում է նրանց գործակցության ոլորտների, դրանց խորության, հետախուզական ոլորտում շոշափելի գործակցության մասին: Համաձայն ՄՈՍԱԴ-ի ղեկավարի հայտարարության, Իսրայելի հատուկ ծառայությունները այլևս խնդիր են ունենալու օժանդակել Ադրբեջանում քաղաքական ներկա վարչակազմի անվտանգության ապահովմանը:

 


Իսրայել-Ադրբեջան գործակցությնա վերաբերյալ այս լուրերը տեղեկատվական մեր հարթակներում խիստ քննադատական ասպեկտով է ներկայացվում: Մի տեսակ նյարդայնացած ենք, որ հարևանները նման խորությամբ գործակցում են աշխարհի ռազմատեխնոլոգիական առումով ամենից զարգացած պետւթյուններից մեկի հետ: Եվ դա, ինչ-որ առումով, հասկանալի է:

 


Ինչ հիշում եմ Ադրբեջանը մերօրյա իր քաղաքական պատմության մեջ պարբերաբար առիթներն ու հնարավորությունները բաց չի թողել գործակցելու Իսրայելի հետ: Եղել են փուլեր, երբ այդ գործակցությունը կրել է նաև եռակողմ՝ Թուրքիա-Իսրայել-Ադրբեջան ֆորմատը: Իսրայելից Ադրբեջանը անօդաչուների է գնում, հիմա նաև համատեղ արտադրություն են իրականացնում, ասում են, թե գնել է նաև իսրայելական «երկաթե գմբեթ» ՀՀՊ համակարգը, որը սակայն կարծես դեռևս չի հաստատվել: Բաքուն ու Թել-Ավիվը բավական լայն գործակցային ոլորտներ ունեն, սկսած տեխնոլոգիականից մինչև հետախուզական ծառայությունների արդիականացում, էներգակիրներ, տնտեսություն:

 


Հիմա մենք դիտորդի կարգավիճակով նստած նայում են, թե ինչպես են այդ երկու երկրների հարաբերությունները զարգանում: Ընդ որում դրանք զարգանում են հենց այն ոլորտներում, որտեղ Ադրբեջանի զարգացվածությունը խոցելու է Հայաստանին: Հետևաբար մենք ի՞նչ կարող ենք անել: Դժվարանամ ասել: Դա երևի ԱԳՆ-ի գործն է, քանզի Իսրայելի հետ մեր հարաբերությունները կարծեմ բավական ոչ միանշանակ են: Մինչ օրս անգամ դեսպանություն չունենք:

 


Իսրայելը բավական հզոր ու գործունակ պետություն է: Նա բավական հաջողությամբ կարողացել է իր գոյության պատմության ողջ ընթացքում լուծել իր առջև դրված խնդիրների մեծամասնությունը: Գոնե այս առումով այն մեզ համար կարող է փորձի ու հմտությունների փոխանակման/գնահատման կարևոր օղակ հանդիսանալ: Ուստի եթե փորձենք հասկանալ, թե Իսրայլեի հետ մեր հնարավոր հիպոթետիկ գործակցությունը ի՞նչ ռիսկեր ու հնարավորություններ կարող է մեզ տալ, այն դիատարկեն մի քնաի հարթկաներում.
- Որպես Իսրայելի հետ մեր գործակցության բազային խոչընդոտ դիտվում է պատմական փաստերի (հայոց ցեղասպանության) վերաբերյալ կողմերի մեկնաբանման խորքային հակադրությունը:

 


- Իսրայելի հետ սերտացմանը լրջագույն խանդով կարող է վերաբերվել Իրանը՝ դրանից բխող հետևանքներով:
- Իսրայելի հետ սերտացումը կարող է բացասական ընկալվել արաբական աշխարհի՝ առնվազն մի հատվածում, ուր մեզ ընդունում ու ընկալում են բավական դրականորեն:
- Իսրայելի հետ գործակցությունը կարող է ինչ-որ առումով վերապահումով ընկալվել ՌԴ-ի կողմից, քանզի եթե հանկարծ հարաբերությունների ռազմատեխնիկական բաղադրիչը զարգանա, դա շահերի բախում կարող է առաջացնել ռուսական ռազմարդյունաբերական ոլորտի ու իսրայելականի միջև (չնայած հարկ է նշել, որ իսրայելական զինտեխնիկան բավական թանկ է և գործնականում մեզ համար անհասանելի):

 


- Իսրայելի հետ գործակցությունը կարող է խիստ դրական ընկալվել ԱՄՆ-ի կողմից հեռանկարում ուժային վերադիրքավորման սցենարների մշակման առումով:
Նման պայմաններում, երբ հավանաբար ռիսկերն առավել շատ են, քան հնարավորությունները, մենք պետք է չափենք, թե առկա իրավիճակում մեր շահերը ի՞նչ են մեզ թելադրում: Նստել սպասել, թե ուր կհասնի Ադրբեջան-Իսրայել գործակցությունը իհարկե անընդունելի է: Ավելին՝ այս հարցում մենք ունենք հստակ կորսված ժամանակի գործոն: Մյուս կողմից՝ նաև պետք է հասկանալ, թե Իսրայելում, ինչպես կընդունեն մեր հիպոթետիկ գործակցության առաջարկը, արդյոք գործակցության այդ պատուհանը մեզ համար բաց է առհասարակ...
Մի խոսքով հազար նրբություններ ու հարցադրումներ...

 

Ալեն Ղևոնդյան