Մի քանի տարի առաջ , երբ Ստեփանակերտում սկսվեց կառուցվել օդանավակայան , Ադրբեջանի հանրապետությունից ու մասնավորապես ՊՆ-ից հայտարարություն տարածեցին՝ Արցախի երկնքում թույլ չեն տալու ուղղաթիռ թռչի: Սա կարելի էր և սպառնալիք ընդունել, և նախազգուշացում: Ադրբեջանի ՊՆ-ն նաև հայտարարել էր, որ վերահսկում է այն օդային տարածքը, որտեղ կառուցվելու է օդանավակայանը:

 


Օդանավակայանի բացման օրը բոլորը շունչները պահած սպասում էին Սերժ Սարգսյանին:

 

Չէ, այնպես չի, որ կարոտել էին և այլն, ուղղակի Սարգսյանին սպասարկող ուղղաթիռը պետք է առաջին անգամ անցներ Արցախի երկնքով ու վայրէջք կատարեր այն օդանավակայանում, որի օդային տարածքը իբր գտնվում էր ադրբեջանական ՀՕՊ զորքերի հսկողության տակ: Վերջապես ժամեր անց լսվեց ուղղաթիռի ձայնը, բոլորը շունչները պահած հետևում էին նրա թռիչքին: Եվ՞: Եվ ուղղաթիռը շատ հանգիստ վայրէջք կատարեց Արցախի օդանավակայանում: Հետո տեղի ունեցավ երկրորդ, երրորդ ու մնացած վայրէջքները, արդեն սովորական դարձան դրանք, առանց կրակոց, առանց ՀՕՊ զորքերի միջամտություն:

 


Հիմա ինչի՞ համար եմ հիշել այս թեման: Ասեմ: Այսօր նյութ եմ կարդում ադրբեջանական մամուլում, որտեղ գրում են Սերժ Սարգսյանի երեկվա Արցախ այցելության մասին: Սովորական ադրբեջանական զառանցանք է, բայց մի նախադասություն տպավորվեց մտքումս: Գրված էր՝ Սարգսյանը արագ նստեց իր ուղղաթիռը և թռավ Արցախ: Փաստորեն Ադրբեջանի ՊՆ-ի ու ղեկավարության համար էլ է սովորական դարձել , որ Ստեփանակերտում ուղղաթիռներ են վայրէջք կատարում ու մոռացել են իրենց սպառնալիքները: Արդեն առաջընթաց կա, շուտով Արցախից էլ երևի ձեռք կքաշեն:

 

Աշոտ Ասատրյան