Հայ բարերարները և իրենց սաները... 1920-ականների սկզբին Ֆրանսիայում արված այս լուսանկարում՝ ցեղասպանությունից մազապուրծ փրկված հայ որբերն են, «Հովարդ Կարագյոզյան հիշատակի ընկերակցություն» բարեգործական կազմակերպության սաները՝ իրենց բարերարների հետ:
1921 թ. Միհրան և Զաբել Կարագյոզյանները (լուսանկարում նրանք կանգնած են աջից), ի հիշատակ իրենց վաղամեռիկ որդու՝ Հովարդի, Նյու Յորքում հիմնադրեցին «Հովարդ Կարագյոզյան» ընկերակցությունը (Howard Karagheusian Commemorative Corporation)՝ հայ որբ և կարիքավոր մանուկների խնամքը, բուժումը և կրթությունը կազմակերպելու նպատակով: Նշենք, որ Միհրան Կարագյոզյանը ՀԲԸՄ բարերարներից էր և եղբայրն էր 1942-1953 թթ. ՀԲԸՄ-ի նախագահ Արշակ Կարագյոզյանի: «Հովարդ Կարագյոզյան» ընկերակցության գործունեության առաջին շրջանը սկսվել է Կ.Պոլսում, այնուհետև կազմակերպությունը իր սաներին տեղափոխում է Ֆրանսիա: 1930-ականներից ընկերակցությունը բարեգործական աշխատանքներ է տանում արդեն Հունաստանում, Սիրիայում և Լիբանանում: 1988-ի Սպիտակի երկրաշարժից հետո և մինչ օրս ընկերակցությունն իր գործունեությունն է ծավալում նաև Հայաստանում:
Ռուբեն Շուխյան