Տեսնես տպարանի շենքի փոշին հասա՞վ վարչապետի քթին: Բավականին մոտ է իր աշխատատեղին: Տեսնես հասկացավ, որ այդ պայթյունը ուղիղ պատասխան էր, թե ինչու հարևան Վրաստան զբոսաշրջիկները մեկնում են, իսկ Հայաստան չեն գալիս: Պիտի որ լավ հասկանա տեղի ունեցածի ահավորությունը, քանի որ ժամանակին Երևանի քաղաքապետ է եղել ...
Կարապետյանի ջանքերը, թե մթնոլորտ է փոխվում, խաղի կանոններ են փոխվում օդ բարձրացրին շենքի հետ միասին: Իսկ այդ ամենի հետևանքները նա պիտի "վայելի":
Վերադառնամ զբոսաշրջության զարգացման և պատմական շենքի տեղը հերթական հյուրանոցը կառուցելու կապին: Այդ ի՞նչն է գերում զբոսաշրջիկներին (այդ թվում հայաստանցի) Թբիլիսիում, որ չկա Հայաստանում: Բացի ինքնաթիռի էժան տոմսերից, մայրաքաղաքի պատմամշակութային կենտրոնը, հին շենքերը, տները, որոնցից շատերը փոքր ու մատչելի հյուրանոցների և հոսթելների են վերածվել, խթանելով ոչ միայն զբոսաշրջությունը, այլ նաև ընտանեկան բիզնեսի տեսակը, որը, վստահ եմ Հայաստանի պես երկրում էլ շատ լավ կաշխատեր:
Ե՞րբ ենք հասկանալու, որ Հայաստան միլիոնատերեր չեն ժամանում. ոչ Մալդիվներ ենք, ոչ Կանկուն, ոչ էլ Լաս Վեգաս: Եթե նույնիսկ ժամանեն, արտասահմանցի մեծահարուստները նախընտրում են "բրենդային" հյուրանոցներ, որոնք կան նաև Երևանում:
Հայաստանը հետաքրքրում է միջին խավի ներկայացուցիչ, բյուջետային զբոսաշրջիկին: Իսկ նա հաստատ կնախընտրեր փոքր ընտանեկան հյուրանոցը անճաշակ մարմարապատ հերթական հսկային, որը, ենթադրում եմ, կբարձրանա Տպարանի շենքի տեղում:
Երևանի կենտրոնը շենք առ շենք թաքուն ծախեցին ու շարունակում են ծախել ... Պատմական շենքերի փոխարեն գոյանում են անթիվ հյուրանոցներ, տատու գնով վարձակալության տրվող օֆիսային տարածքներ' Պլազա մոդայիկ անվան տակ, որտեղ թանգարաններ պիտի լինեին, էլիտար ռեստորաններ ու սրճարաններ են բացվում ... Ու կարևոր չէ, որ ավտոկայանատեղի չկա, երթևեկությունը կաթվածահար է դառնում նման վայրերում... Կարևոր չէ, որ մերձակա շենքերի բնակիչների կյանքը հաճախ դժոխքի է վերածվում ...
Երևանցիների կարծիքի վրա թքած ունեն, միայն տոներին հիշեցնում են, որ այն բոլորիս քաղաքն է ... Թքած ունեն, որ պայթեցված շենքի հենց դիմացի շենքը' Վարդանանց 7-ը "բաղդադ" է ու կարող էր չդիմանալ ալիքին: Նույնիսկ եթե դիմացավ, սեյսմակայունությունը տուժեց ... Ներեցեք, մոռացել էի, որ սեյսմիկ կայունության մասին միայն դեկտեմբերի 7-ին պետք է բարձրաձայնել...
Շենքի բնակիչներն էլ մտահոգություն ունեն, որ կարող է տպարանի տեղում բարձրահարկ հսկա կառուցվել' փակելով արևի լույսը ...
Հյուր ենք դարձել մեր իսկ քաղաքում, բայց հյուրանոցներում ապրելու փող չունենք:
Իսկ մեզ ասում են "հապա տեսեք ոնց է հիմա վարչապետը դրայվով ամեն ինչ փոխելու"... Կոնկրետ ապտակ է ձեր քթի տակ այս շենքը պայթեցնելը, պարոն վարչապետ, անպատասխան մի թողեք... Կարո՞ղ եք քննություն անցկացնել: Թե ով, երբ, ինչ հիմքերով, ինչ խախտումներ անելով ինչ արեց, որ փոշու ամպ գոյացավ: Կարո՞ղ եք ԱՆԿԱՇԿԱՆԴ ու ԱՆԿՈՂՄՆԱԿԱԼ քննություն անել:
Սա մի շենք է, բայց փրձաքար կարող է լինել ...

 

Իզաբելլա Աբգարյան