Ադրբեջանում տեղի է ունեցել սահմանադրական հանրաքվեն ու կանխատեսելի արդյունքներով Իլհամ Ալիևը կարողացավ կառուցել ներիշխանական այնպիսի բուրգ, որտեղ առաջնային դերակատարում է ունենալու անձամբ ինքը՝առաջին փոխնախագահի ու փոխնախագահների նշանակման գործառույթն իրեն է տրված, իսկ նախագահի թեկնածուի համար շեմի իջեցումը հող է նախապատրաստում միջնաժամկետ ապագայում իր որդուն իշխանական վերնախավ մտցնելու ու իշխանությունը հեռավոր ապագայում փոխանցելու համար:
Ու՞ր է շարժվում Ադրբեջանը միջնաժամկետ ապագայում՝Ադրբեջան-2020 տեսլականը:
Քաղաքական առումով՝Ադրբեջանում կառուցվում է կուռ, միահեծան իշխանություն, նախագահի գլխավորությամբ, որին ենթարկվում են ուժային կառույցների, ինչի շնորհիվ այլ կլաններ ու էլիտար խմբավորումներ չեն կարող կազմակերպել ներպալատական հեղաշրջում:
Ալիևներ-Փաշաևներ կլանն իր ձեռքում է կենտրոնացրել քաղաքական ողջ դաշտը՝Յենի Ազերբայջանը նրանց ընտանեկան, գրպանային կուսակցությունն է , որն ունի մեծամասնությունը խամաճիկային գործառույթներ կատարող Միլլի Մեջլիսում:
Իշխանության գերկենտրոնացումն՝ադրբեջանական ընդդիմության թուլության, մարգինալացված լինելու ու ֆինանսական, մարդկային, տեղեկատվական ռեսուրսներից կտրված լինելու պարագայում գրեթե զրոյացնում է ընտրությունների միջոցով իշխանափոխության հնարավորությունն Ադրբեջանում: Մայդանի հնարավորությունը նույպես ցածր է՝ուժային կառույցների, վախի մթնոլորտի, հիասթափության պարագայում: Նավթադոլարները հնարավորությունն են տվել խոշոր ծրագրեր իրականացնել՝ստեղծել աշխատատեղեր, այդ թվում մարզերում ու ղարաբաղյան թեմայով շեղել ուշադրությունը ներպետական խնդիրներից՝ձևավորել հայից թշնամական, արտաքին թշնամու կերպար ու սեփական բնակչությանը ուղեղը լվանալ ամբողջությամբ մեկ կենտրոնից՝նախագահական նստավայրից կառավարվող ու ֆինանսավորվող ԶԼՄ-ների միջոցով:
Բացառությամբ մի քանի փոքրաթիվ, կիսանկախ լրատվամիջոցների, որոնք դժվար թե կարողանան ազդել հասարակական ընդհանուր տրամադրությունների վրա ու դուրս բերել մարդկանց փողոցներ: Ադրբեջանում մայդանը հնարավոր է երկու ճանապարհով՝Ղարաբաղում խոշորածավալ պատերազմ ու պարտություն՝կապիտուլյացիա, բանակի ջախջախում ու կլանի հեռացում կամ սոցիալ-տնտեսական լրջագույն խնդիրների, սոցիալական բունտի պարագայում գունավոր հեղափոխություն արտաքին լուրջ ազդեցությամբ՝ԱՄՆ-ը, ԵՄ, առավել ևս ՌԴ-ը հետաքրքված չեն հեշտ վերահսկվող ու խոցելի Ալիևի ռեժիմի հեռացմամբ՝Վաշինգտոնը, Բրյուսելն ու Մոսկվան ունեն իրենց դրդապատճառները:
Տնտեսական հարթություն՝Ադրբեջանը զգալով նավթային ասեղի վրա գտնվելու ու այդ պատճառով պայմանավորված իր տնտեսության խոցելիությունն սկսել է պատրաստվել հետնավթային դարաշրջանին՝միլիարդավոր դոլարներ ներդնելով ենթակառուցվածքային նախագծերի մեջ՝դառնալով Արևելք-Արևմուտք, Հյուսիս-Հարավ էներգետիկ-տրանսպորտային միջանցք հարևան երկրների համար: Տարանցման համար ստանալով գումարներ Ադրբեջանը փորձում է նավթային կախվածությունը հավասարակշռել գազային գործոնով ՝շահագործման հանձնելով Շահ Դենիզ գազային խոշորագույն հանքավայրը, որը սպասարկելու է Հարավային գազային միջանցքը՝իր մեջ հետագայում ներառելով նաև ղազախական ու թուրքմենական, ինչու ոչ նաև իրանական գազը:
Բաքուն փորձում է դիվերսիֆիկացնել իր տնտեսությունն ու ավելացնել ՀՆԱ-ում, բյուջեում ոչ նավթային հոսքերը՝ստեղծելով թեթև ու ծանր, նավթաքիմիկան արդյունավերություն, զարգացնելով գյուղատնտեսական ու զբոսաշրջային ոլորտներում: Ադրբեջանում ստեղծվում են արդյունաբերական կլաստերներ՝Սումգայիթ, Գյանջա, Բաքվի շուրջ, Նախիջևանում ու այլևուր:
Ռազմական առումով՝Ադրբեջանը միլիարդավոր դոլարներով ՌԴ-ից, Իսրայելից, Թուրքիայից, հետխորհրդային երկրներից՝Ուկրաինա, Բելառուս գնել է մեծ քանակությամբ զենքեր՝չմոռանալով գումարներ ուղղել նաև սեփական ռազմա-արդյունաբերական համալիր ստեղծելու համար: Այժմ Արբեջանը փորձում է համատեղել իսրայելական տեխնոլոգիաները, օրինակ անօդաչուներ ստեղծելու ուղղությամբ:Բաքուն նախկինում տարբեր նշանակության՝հարվածային, հետախուզական անօդաչուներ էրն գնում Իսրայելից, իսկ նախորդ շաբաթ ներկայացրեց սեփական արտադրության անօդաչուներ:
Բաքուն չի ցանկանում միակողմանի կախվածություն ունենալ զենքերի առաքիչներից՝Մոսկվայից կամ Թել –Ավիվից ու զենքեր է գնում նաև մեծ եղբայր Թուրքիայից, հետխորհրդային երկրներից՝արդիականացնում է խորհրդային-ռուսական տեխնիկան, ինչպես նաև փորձում է ինքնաբավ դառնալ արկերի, հրթիռների առումներով: Դա ազդակ է, որ Ադրբեջանը պատրաստվում է լայնածավալ պատերազմի, քանի որ գնում է նաև հարվածային ուղղաթիռներ՝ՌԴ-ից, Թուրքիայից, ստեղծում կործանիչ ավիացիա, գնում է Ուկրաինայից ռազմա-տրանսպորտային ինքնաթիռներ, ինչպես նաև թուրքական բանակի օգնությամբ պատրաստում կոմանդոսներ՝հատուկ ջոկատայիններ, սպայակազմ և այլն:
Արտեմ Բալասանով