ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ պաշտոնական պատվիրակությունը 1919 թ. աշնանը Փարիզից մեկնել էր ԱՄՆ-ը՝ ազատ, անկախ և միացյալ Հայաստանի առաջին ղեկավար Հովհաննես Մաթևոսի Քաջազնունու գլխավորությամբ։ ՀՅԴ պատմության թանգարանի արխիվում պահվող այս բացառիկ լուսանկարի կենտրոնում կանգնած են պատվիրակության զինվորական առաքելության հրամանատար Հայկ Բոնապարտյանը, զորավար Անդրանիկ Օզանյանը, Մեծ Բրիտանիայում ՀՀ դեսպան, զորավար Հակոբ Բագրատունին, պատվիրակության զինվորական առաքելության փոխհրամանատար Միքայել Տեր-Պողոսյանը, նրանց հետևում են կանգնած ՀՀ ֆինանսների երկրորդ նախարար Արտաշես Էնֆիաջյանը, պրոֆեսոր Աբրահամ Տեր-Հակոբյանը, ՀՀ առաջին վարչապետ Հովհաննես Քաջազնունին, որի հետևում էլ կանգնած են ՀՀ խորհրդարանի պատգամավոր, ԱՄՆ-ում ՀՀ առաջին դեսպան Գարեգին Փաստրմաջյանը (Արմեն Գարո), ՀՀ առաջին ու երկրորդ վարչապետներ Հովհաննես Քաջազնունու և Ալեքսանդր Խատիսյանի անձնական թիկնապահ ու քարտուղար, Հայոց բանակի սպա Սուրեն Մելիքյանը (ՀՀ ֆինանսների փոխնախարար Համբարձում Մելիքյանի որդին) և գյուղատնտես Արտեմ (Հարություն) Փիրալյանը։ Ազատագրված ու անկախացած Հայրենիքից առաջին անգամ ԱՄՆ-ը ժամանած բարձրաստիճան հյուրերին էլ շրջապատել են խանդավառված ամերիկահայերը։

 

Ի դեպ, պետք է նշել, որ ԱՄՆ-ում 1919-1920 թվականներին գտնվող մեր նորանկախ պետության պատվիրակությունը ճոխ ընդունելության արժանացավ ԱՄՆ կառավարության կողմից, անգամ Նյու Յորքի Մեդիսոն պողոտայում բացվեց պատվիրակության պաշտոնական գրասենյակը՝ Հովհաննես Քաջազնունու անունով, որի ցուցանակի և շենքի լուսանկարները ևս պահպանվել են, նաև նրանց հետ հանդիպեցին ԱՄՆ պետքարտուղարներ Ռոբերտ Լանսինգը և Բեյնբրիջ Քոլբին, մի շարք կոնգրեսականներ, սենատորներ, նախարարներ, նահանգապետներ, քաղաքապետներ և այլք, իսկ 1920 թ. ապրիլին ԱՄՆ-ը պաշտոնապես ճանաչեց Հայաստանն իբրև քույր Հանրապետություն։ Պատվիրակության մի քանի անդամներ այցելեցին Քեմբրիջ քաղաքի Հարվարդի համալսարան՝ ծանոթանալու այդ հին կրթոջախին, ստեղծելու համագործակցային կայուն հարաբերություններ, որպեսզի Հայաստանում բացվելիք առաջին պետական բուհը՝ Հայաստանի համալսարանը ևս այդպիսի բարձր չափանիշների հիման վրա զարգանար, ինչպես նաև պետության հաշվին հայ ուսանողները կարողանային մեկնել Հարվարդում ուսանելու։

 

Շրջայցից հետո համալսարանի ղեկավարության հետ համատեղ լուսանկարվեցին և այդ լուսանկարը ևս հասել է մեզ։ Հայաստանի առաջնորդ Հովհաննես Քաջազնունին բացառիկ հնարավորություն ունեցավ շրջելու ԱՄՆ մի շարք քաղաքներում, օրինակ՝ Վաշինգտոն, Նյու Յորք, Ֆիլադելֆիա, Բոստոն, Դետրոյթ, Չիկագո, Լոս Անջելես, Ֆրեզնո և այլն, հանդիպելու տեղի հայ համայնքների հետ, որոնք մեծ ցնծությամբ էին ընդունում իրենց հոշոտված, բայց վերածնվող Հայրենիքի առաջին ղեկավարին և խոստանում էին անպայման վերադառնալ ընդլայնվող միացյալ Հայաստան։

 

Ռուբեն Շուխյան