Բնական է, որ միջազգային հանրությունն ու առողջ ուժերը դատապարտում են բռնությամբ քաղաքական փոփոխություն իրականացնելու փորձերը: Դրանք միանշանակ մերժելի են, ոչ միայն այն պատճառով, որ մարդկային յուրաքանչյուր կյանք թանկ է, այլ որովհետև այդպիսով լուրջ նահանջ է կատարվում ժողովրդավարական արժեքներից:

Արժեքներ, որոնց պաշտպանության համար տրվել են հազարավոր կյանքեր: Այս առումով ցանկացած քաղաքացի ձգտում է իր ավանդը ներդնել պետությունն ավելի հզորացնելու, ավելի ազատ, ժողովրդավար, բարեկեցիկ ու պաշտպանված դարձնելու գործում, սակայն բռնությունն ու վտանգավոր արկածախնդրությունը կոպտորեն ոտնահարում են այդ արժեքները: Եվ պետք չէ բավարարվել դատապարտող հայտարարություններով:

Անհրաժեշտ է հնարավորինս արագ լիցքաթափել և կարգավորել այս լարված իրավիճակը բացառապես ժողովրդվարական, քաղաքակիրթ ճանապարհով: Իսկ կարգավորելուց հետո անհրաժեշտ է ստեղծել ամուր հիմքեր, որպեսզի նման հուսահատ գործողություններն ու բռնությունները չկրկնվեն, որպեսզի ազգին, պետությանը, հասարակությանը վերաբերող բոլոր հարցերը կարգավորվեն ազգովի, երկխոսությամբ, քաղաքական առողջ բանավեճով ու մրցակցությամբ:

 

Վահե Ղազարյան