Այս գիշեր Թուրքիայում տեղի ունեցած զինվորական հեղաշրջման փորձը լայնորեն լուսաբանվում է նաև իրանական մամուլի էջերում: Լայն լսարան ունեցող տարբեր լրատվամիջոցներ այս պահի դրությամբ արդեն հրապարակել են հոդվածներ, որոնցում ներկայացվել են թե՛ գիշերը Թուրքիայում տեղի ունեցած իրադարձությունները ժամանակագրական հաջորդականությամբ, թե՛ տրվել է ընդհանուր իրավիճակը առավոտյան ժամերի դրությամբ, և թե՛ միջազգային կազմակերպությունների, տարբեր երկրների արտաքին գործերով զբաղվող գերատեսչությունների արձագանքները Թուրքիայում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ:
Իրանական կողմից Թուրքիայում տեղի ունեցած իրադարձություններին արդեն արձագանքել է Իրանի արտգործնախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը իր թվիթերյան էջում ' նշելով, որ խորապես անհանգստացած է Թուրքիայում տեղ գտած ճգնաժամից: Արտգործնախարարը ընդգծել է, որ Թուրքիայի ժողովրդի կայունությունը, ժողովրդավարությունն ու անվտանգությունը առանցքային խնդիրներ են:
ԻԻՀ արտգործնախարարի' Թուրքիայում տեղի ունեցող իրադարձությունները «ճգնաժամ» եզրով սահմանելը հետաքրքիր է, մանավանդ երբ ականատես ենք տարբեր երկների արտաքին գերատեսչությունների պատասխանատուների կողմից Թուրքիայում տեղի ունեցածի վերաբերյալ հիմնականում «դեպքեր», «իրադարձություններ», «հեղափոխության փորձ» եզրերի կիրառմանը:
Արտյոմ Տոնոյան