Լավրով-Նալբանդյան հանդիպումն, ըստ տարածված շատ սահմանափակ տեղեկատվության, նվիրված է եղել Հայաստանի և Ռուսաստանի ղեկավարների միջև Սանկտ-Պետերբուրգում ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքի և երկկողմ հարաբերությունների քննարկմանը: Թեև երկու երկրների արտգործնախարարների առանձնազրույցի կոնկրետ մանրամասների վերաբերյալ մամուլը համարյա որևէ հստակ բան չի հաղորդում, այդուհանդերձ, կա մի կարևոր առանձնահատկություն, որը թույլ է տալիս հավանական համարել այն, որ նշված հանդիպումը ևս կոչված չի եղել Հայաստանի արմատական շահերի ոտնահարումը շահագրգիռ քննարկման առարկա դարձնել: Բանն այն է, որ սանկտ-պետերբուրգյան հանդիպումից հետո ադրբեջանական կողմն ամենաբարձր՝ նախագահ Ալիևի մակարդակով տեղեկատվական արտահոսք է իրականացրել, որի միջոցով պաշտոնական Բաքուն գաղտնազերծել է ՌԴ հյուսիսային մայրաքաղաքում կայացած եռակողմ գործարքի մանրամասները:
Ըստ ադրբեջանական վարկածի, ԼՂՀ ներկայիս տարածքի 2/3-ը երկու փուլով պետք է հանձնվի Ադրբեջանին, իսկ Արցախը գուցե կստանա մի ինչ-որ կարգավիճակ, բայց ոչ անկախություն: Ոչ պաշտոնական Մոսկվան, ոչ էլ երևանա-ստեփանակերտյան իշխող դասն այդ առիթով հոդաբաշխ բացատրություններով կամ հերքումներով հանդես չեկավ, իսկ ՌԴ ԱԳՆ մամլո խոսնակն էլ հորդորեց բոլորին այս անդրկուլիսային գործընթացի վերաբերյալ պահպանել լռություն: Քանի որ Լավրով-Նալբանդյան հանդիպման վերաբերյալ հաղորդագրությունը ակնարկ անգամ չի պարունակում առ այն, որ ՀՀ արտգործնախարարը բացատրություն է պահանջել Լավրովից Ալիևի բարձրաձայնած ծրագրերի վերաբերյալ, ապա կարելի է եզրակացնել, որ պաշտոնական Երևանը Ադրբեջանի ղեկավարի ասածների հետ խնդիր չի ունեցել և միակ բանը, որ անհանգստացրել է՝ գործարքի մանրամասների ժամանակավրեպ գաղտնազերծումն է եղել:
Արման Մելիքյան