Պաշտոնական Իրան. «Լավ կլինի, որ Թուրքիայի իշխանությունները, դասեր քաղելով անցյալի իրենց սխալ քաղաքականությունից, հրաժարվեն Իսլամական պետությանը և մյուս ահաբեկչական խմբավորումներին հովանավորելուց»
Իրանի արտաքին քաղաքականության բոլոր պատասխանատուները քննադատեցին Ստամբուլում տեղի ունեցած ահաբեկչությունը: Սակայն այդ քննադատություններից մեկում ահաբեկչական գործողությունը քննադատելուն զուգահեռ արվել է հասցեական մատնանշում, թե ով էր մեղավոր տեղի ունեցածի համար:
Ստորև բերված է Իրանի Իսլամական խորհրդարանի արտաքին քաղաքականության և ազգային անվտանգության հանձնաժողովի խոսնակ Հոսեյն Նաղավի Հոսեյնիի «Isna» լրատվական գործակալությամբ երեկ կատարած հայտարարության տեքստն ամբողջությամբ իմ թարգմանությամբ:
«Մարդկային և նյութական կորուստները այն գինն է, որ վճարում է Թուրքիան Իսլամական պետությանը և մյուս ահաբեկչական խմբավորումներին հովանավորելու սխալ քաղաքականության համար: Թուրքիայում այս ահաբեկչական ակտը տեղի է ունեցել այն դեպքում, երբ Իրանը բազմաթիվ անգամներ Թուրքիայի իշխանավորների հետ հանդիպումներում նախազգուշացրել է, որ ահաբեկիչներին ուժեղացնելը վնաս է բոլոր երկրներին, և շուտով Իսլամական պետությանը հովանավորելու «ծուխը հենց ձեր աչքերն է լցվելու»: Շատ լավ եմ հիշում' Դավուդօղլուի' ժամանակի արտգործնախարարի և Թուրքիայի անվտանգության հանձնաժողովի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ զգուշացրեցինք, որ եթե Իսլամական պետությունը ուժեղանա, վտանգ է առաջանալու թե՛ Թուրքիայի, և թե՛ հարևան մնացած պետությունների համար:
Չնայած այս զգուշացումներին' Թուրքիան շարունակեց հավատարիմ մնալ Իսլամական պետությանը հովանավորելու իր սխալ քաղաքականությանը: Գոռոզացած և առանց հաշվի առնելու այդ ամենի վերջը' շարունակեց գնալ առաջ: Ուշադրություն չդարձրեց զգուշացումներին և, ցավոք, այսօր վճարում է հենց այդ սխալ քաղաքականության գինը:
Մենք անհանգիստ ենք այն մտքից, որ Թուրքիայում կարողղ են տեղի ունենալ ավելի վատ իրադարձություններ, քանի որ վերջերս Թուրքիան նոր քաղաքական ուղեծրի է սկսել հետևել, մասնավորապես Իսրայելի հետ խաղաղասիրական քաղաքականություն է սկսել, և այս ամենը ևս ի վերջո Թուրքիայի համար վատ ավարտ է ունենալու:
Վերջերս Թուրքիայի տարբեր քաղաքներում շաբաթական առնվազն մեկ անգամ ակաատես ենք պայթյունների, որոնք մեծ վնասներ են հասցնում Թուրքիային, նաև թուլացնում այս երկրի զբոսաշրջությունը: Լավ կլինի' Թուրքիայի իշխանությունները, դասեր քաղելով անցյալի իրենց սխալ քաղաքականությունից, հրաժարվեն Իսլամական պետությանը և մյուս ահաբեկչական խմբավորումներին հովանավորելուց»:
Արտյոմ Տոնոյան