Հեռուստամեկնաբան Նաիրի Հոխիկյանի ֆեյսբուքյան գրառումը.

«Այսօր հրաժեշտ տվեցի «Շանթ» հեռուստաընկերությանը:

2016թ. նոյեմբերին «Շանթ» գնացի հեռուստաընկերության գլխավոր տնօրենի հրավերով՝ նախ տարածաշրջանային քաղաքական ուղղվածության լրագրողի և «Վերադարձի ժամանակը» ֆիլմաշարի հեղինակի, ապա մի քանի ամիս անց՝ նաև լրատվական թողարկման մեկնաբանի հաստիքով:

Ավելի քան 3 տարվա ընթացքում «Շանթ»-ում անդրադարձա Հայաստանի շուրջը կատարվող իրողություններին, դրանց խորքային ուսումնասիրմանը և հանրությանը առավել հանգամանալից ներկայացնելուն, որպես «Շանթ»-ի ներկայացուցիչ, հայկական պատվիրակության կազմում այցելեցի մի շարք երկրներ: Իմ մասնագիտական որակների առումով «Շանթ»-ում աշխատելու տարիները դրական ազդեցություն ունեցան, ինքս էլ հնարավորինս արեցի՝ իմ գիտելիքներն ու կապերը հօգուտ օբյեկտիվ և բազմակողմանի լրատվության օգտագործելու համար:

Ամենաթանկ բանը, որ ձեռք բերեցի այդ տարիներին, հեռուստաընկերությունում աշխատող, եթերում երևացող, իսկ շատ հաճախ չերևացող մարդիկ են, այն մարդիկ, որոնց քրտնաջան աշխատանքի շնորհիվ է հեռուստադիտողն ստանում տեղեկությունները: Շնորհակալ եմ նրանցից յուրաքանչյուրին՝ գործընկերային համերաշխության համար:

Այժմ ժամանակն է գնալու: Կարճ ժամանակ անց այլ տեղում կշարունակեմ մասնագիտական աշխատանքս: Խոստանում եմ մնալ հավատարիմ այն արժեքներին, որոնք կրել եմ լրագրողական գործունեության՝ վերջին 12 տարվա ընթացքում՝ պետական մտածողություն, ազգային արժեքներ, չափի զգացում և անհատականություն: Դրանք այն սկզբունքներն են, որ վեր են ամեն տեսակի վարկանիշից:

Հարգելի հեռուստադիտողներ, այսքանով եզրափակում եմ «Շանթ»-ի իմ աշխատանքը, վստահաբար կհանդիպենք»: