Թուրքիան սպառնում է վերանայել ռազմական արդյունաբերության ոլորտում թուրք-գերմանական համագործակցությունը:
Թուրքիայի Պաշտպանական արդյունաբերության գլխավոր վարչության ղեկավար Իսմայիլ Դեմիրը վերջին հարցազրույցում նշել է, որ Թուրքիան Բունդեսթագի բանաձևի հետ կապված վերանայելու է Գերմանիայի հետ ռազմաարդյունաբերության ոլորտում համագործակցությունը' ակնարկելով թուրքական ռազմածովային ուժերի համար արտադրվելիք սուզանավերի նախագծից գերմանական ընկերություններից հրաժարվելու մասին:
Թուրքական ռազմական նավատորմի կարիքների համար նախատեսված է 2020 թ. ծով իջեցնել այսպես ասած թուրքական տեղական արտադրության առաջին սուզանավը: Այդ ոլորտում լուրջ դերակատարություն ունի գերմանական կողմը, որը մասնակցում է այդ սուզանավերի արտադրության համար անհրաժեշտ կարևորագույն սարքերի ու բաղկամասերի մատակարարմանը' հատկապես շարժիչների հետ կապված:
Հիմա թուրքական կողմն ակնարկում է, որ առանց Գերմանիայի էլ այդ գործը կհաջողվի, սակայն երկար տարիներ մի շարք այլ ռազմաարդյունաբերական ծրագրեր խնդիրների առջև էին կանգնել' Գերմանիայից տրամադրվելիք կարևոր բաղկամասերի ուշացման կամ ձգձգումների պատճառով: Իսկ սուզանավերի այդ արտադրական գործընթացում կարևորագույն դերակատարություն ունի հենց Գերմանիան, որից զրկվելով Թուրքիայի ռազմաարդյունաբերական կարևոր այդ նախագիծը կարող է ձախողվել կամ առնվազն երկար ժամանակով կանգնել:
Լևոն Հովսեփյան