Յոթ տասնամյակ անց հայը կրկին պարեց Բունդեսթագի առջև: Եթե այն ժամանակ, դա խորհրդանշում էր հաղթանակը ֆաշիզմի հանդեպ, ապա այսօր հարյուրավոր հայերի շուրջպարը, նախորդ պարի իմաստային շարունակությունն իր մեջ կրելով, արձանագրեց այլատյացության մեկ այլ դրսևորման՝ Հայոց ցեղասպանության ճանաչման և դատապարման հարցում ևս մեկ, բայց իր կարևորությամբ մեծարժեք հաղթանակ:
Մեկ տարի առաջ, Գերմանիայի նախագահ Յ. Գաուկը, մասնակցելով Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ոգեկոչման պատարագին, ի գիտություն աշխարհի հայտարարեց, որ նախորդ դարասկզբի իրադարձությունները, դրանք ցեղասպանություն էին հայերի հանդեպ: Եվ դա հանդիսացավ այն կարևոր հիմնաքարերից մեկը, որի վրա այսօր կերտվեց այս հաղթանակը, հաղթանակն առ այն, որ Գերմանիայի Բունդեսթագը գրեթե միաձայն ընդունում է «1915 և 1916թթ. հայերի և այլ քրիստոնյա փոքրամասնությունների դեմ իրագործված ցեղասպանության ոգեկոչումն ու հիշատակը» վերնագրով բանաձևը, որը Թուրքիայի համար, ոչ այլ ինչ էր, քան ապրոպ պարզ երկնքում:
Նախքան բանաձևի ընդունումը, տարբեր տրամաչափի թուրք պաշտոնյաներ վերջնագրային լեզվով էին խոսում Գերմանիայի հետ և անընդհատ սուր էին ճոճում՝ ինչ-ինչ լծակների բանեցման հավանականության մասին խոսելով: Թուրքիայի նորանշանակ վարչապետ Յըլդըրըմը նույնիսկ հասավ նրան, որ այդ բանաձևի քվեարկությունը Գերմանիայի համար համարեց իրական բարեկամության քննություն:
Եվ ի՞նչ ստացվեց արդյունքում: Գերմանիան չկարողացավ հանձնել իր այդ «քննությունը», քանզի մերօրյա Գերմանիայի համար առաջնայինը համամարդկային արժեքներն են, այլ ոչ թե թուրքական ղեկավարության կարճամիտ հակափաստարկներն ու մատնացույց արված հնարավոր վնասները:
Այդ իսկ պատճառով պետք է արժանին մատուցել Գերմանիային և նրա ողջախոհ և խիզախ խորհրդարանականներին, քանի որ նրանք, ընդունելով այս կարևորագույն բանաձևը, վտանգի տակ դրեցին Թուրքիայի հետ հարաբերություններում Գերմանիայի համար մի շարք կարևոր ուղղություններ:
Բոլորին է քաջ հայտնի, որ Գերմանիայում բազմամիլիոնանոց թուրքական համայնք կա, որոնցից 3.5 միլիոնը արդեն Գերմանիայի քաղաքացիներ են և նաև մեծ դերակատարում ունեն, թե՛ Գերմանիայի ներքաղաքական կյանքում, թե՛ Գերմանիա-Թուրքիա հարաբերություններում՝ կապող կարևոր կամուրջ հանդիսանալով: Բացի այդ, Գերմանիան և Թուրքիան առևտրա-տնտեսական հսկայական բազա ունեցող երկրներ են, իսկ համատեղ հիմնադրված խոշորագույն ձեռնարկություններն էլ դրա վառ ապացույցն են: Գերմանիան և Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ են: Առկա է փախստականների՝ օրեցօր ահագնացող հիմնախնդիրը, որը թուրքական ղեկավարությունն օգտագործում է արդեն տևական ժամանակ Եվրոպային և, մասնավորապես Գերմանիային՝ զիջումներ պարտադրելու և օգնություն ստանալու առումով: Եվ վերջապես ամենակարևորը՝ Գերմանիան պատմականորեն մեծ համակրանքով է նայել դեպի Թուրքիայի կողմը: Այս ամենը հաշվի առնելով՝ հարկ է նշել, որ հայ ժողովուրդը պետք է մեծ ակնածանքով հիշի գերմանացի այդ պաշտոնյաներին, քանզի նրանք հայի ցավն ավելի բարձր տեղում դրեցին՝ Թուրքիայի հետ ռազմավարական հարբերություններից (կամք, որն ԱՄՆ-ն տասնամյակներ շարունակ չի կարողանում դրսևորել):
Այս պատմական իրադարձությունը եկավ ապացուցելու նաև այն, թե ինչպիսի աշխատանք է տարվում դիվանագիտական ճակատում: Եթե ոմանք բողոքում են, որ Է. Նալբանդյանն իր գործունեությունն ու դրանց պտուղները հրապարակավ չի մատուցում, ապա սա լավագույն առիթն է՝ նրա այդ գործունեության պտուղները տեսնելու համար: Երկար ժամանակ նա երկխոսությունների մեջ է եղել գերմանացի խորհրդարանականների հետ, անձնական փայլուն հարաբերություններ ունի Բունդեսթագի նախագահ Նորբերտ Լամմերտի հետ, այս հարցի շուրջ մշտական կապ է պահպանել Գերմանիայի արտգործնախարար Ֆ. Վ. Շտայնմայերի հետ: Բանաձևի ընդունման հարցում մեծ էր նաև նախագահ Ս. Սարգսյանի՝ երկու ամիս առաջ Գերմանիա կատարած այցի նշանակությունը:
Մեկ անձ ևս կա, ում աշխատանքը այս կարևորագույն հաղթանակում անուրանալի է և բավականին մեծ: Դա Գերմանիայում Հայաստանի փայլուն դեսպան Աշոտ Սմբատյանն է: Ուղիղ մեկ տարի առաջ, ստանձնելով դեսպանի պաշտոնը նա թռիչքաձև աճ է ապահովում հայ-գերմանական հարաբերություններում և շփումներում: Նրա գործունեության հետ քիչ, թե շատ առնչված ցանկացած մեկը կարող է փաստել խոսքերիս ողջ իրավացիությունը, որ Սմբատյանի նման աշխատասեր և նախաձեռնող դեսպանների առկայությունը կզարդարեր ցանկացած պետության դիվանագիտական կորպուսը: Եվ հենց Աշոտ Սմբատյանն ու նրա նման մի շարք դեսպաններ կոտրում են հասարակության շրջանում արմատավորված այն կարծրատիպը, որ հայ դեսպաններն արտասահման գործուղվում են իրենց վայելքներն այնտեղ շարունակելու համար (ուրախ եմ փաստել, որ նմանօրինակ մի հիանալի նշանակում էլ օրերս տեղի ունեցավ. հրաշալի դիվանագետ Տիգրան Մկրտչյանը նշանակվեց Լիտվայում ՀՀ դեսպան):
Ի վերջո ի՞նչ է իրենից ներկայացնում այս բանաձևը և ի՞նչ կտա այն մեզ: Նախ այն հսկայական հնչեղություն ձեռք բերեց և ամբողջ աշխարհով մեկ վերարծարծեց ցեղասպան թուրքի ՝ պատմության հետ առերեսվելու անհրաժեշտությունը: Ապա, սա կարող է ստանալ վարակիչ բնույթ և Հռոմի պապի մատուցած պատարագի նման կարծիք թելադրող դեր կատարել շատ պետությունների և մարդկանց համար: Գերմանա-թուրքական հարաբերությունները կարող է մտնեն փակուղի, առավել ևս, որ առաջին ազդանշանները կան, ի դեմս Գերմանիայում Թուրքիայի դեսպանի ետկանչման: Սա շատ մեծ ազդեցություն կարող է գործել նաև թուրքական պետության և հասարակ թուրք ժողովրդի վրա, քանզի Գերմանիան համաշխարհային առաջատար պետություն և նաև շատ թուրքերի համար ուղենիշ հանդիսացող երկիր լինելուց զատ, նաև Առաջին աշխարհամարտում Թուրքիայի դաշնակիցն էր ու Հայոց ցեղասպանության մեղսակիցը:
Հայոց Տուն