Անընդունելի է ասել արևմտամետ ու ռուսամետ այն դեպքում, երբ այդ երկուսից վեր պետք է լինեն հայամետության և պետականամետության գաղափարախուսությունները:
Ու թեև Առաջին Հանրապետությունն ունեցավ ընդամենը երկու տարվա կյանք, այնուամենայնիվ, այն խորհրդանշում է 600 տարի անց անկախ պետականություն ունենալու մեր պայքարն ու հաղթանակը:
Հիմա, երբ հետ ենք նայում ՝ 1991 թվականին անկախություն ձեռք բերելուց հետո շատ կարևոր է հստակ գիտակցել այն մեծ արժեքը, որն ունենք: Անկախության գինը միշտ բարձր է:

 


Երբ ժողովուրդը, այո հենց ժողովուրդը, այլ ոչ պետություններն ու կառավարությունները, որոշում են լինեն ազատ և անկախ, ապա պետք է քաջ գիտակցեն այն արժեքը, որը վճարելու են դրա համար:
Մենք դա լավ հասկանում էինք և՛ 1918 թվականին, և՛ 1988-ից մեկնարկած համազգային մեծ շարժման ժամանակ: Ցավոք, առաջինի դեպքում այն չհաջողվեց պահել, սակայն սերունդներն արեցին ճիշտ հետևություններ և արդեն XX-րդ դարի ավարտին մեզ հաջողվեց կրկին դառնալ անկախ և ազատ պետություն:

 


Նորովի վերածնվելու ունակությունը մեր գեներում է:
Դրա հետ դարեր շարունակ ստիպված են եղել համակերպվել մեր՝ ինչպես հարևանները, այդպես էլ՝ թշնամի պետությունները:
Սա մեր Հայրենիքն է, այստեղ ենք մենք հազարամյակներ բնակվել և թողել պատմական և մշակութային անգերազանցելի արժեքներ: Անկասկած, պետականաշինության գործում մենք դեռ երկար ճանապարհ ունենք անցնելու, որը լինելու է ինչպես փորձություններով լի, այնպես էլ՝ հպարտության պատմական պահերով հարուստ:
Շնորհավորում եմ բոլորիս Հայաստանի Առաջին Հանրապետության օրվա կապակցությամբ:

 


Վահե Էնֆիաջյան