Սրանից մի քանի տարի առաջ մեդիա դաշտի ներկայացուցիչների մոտ ամենամեծ պահանջարկը վայելում էր Circle.am կայքը։ Խմբագիրներն ու լրագրողները ամեն օր ստուգում էին այդ չափիչը, որպեսզի տեսնեն, թե այդ օրը որ տեղով են եզրափակել օրը։

 


Մի պահ այս երևույթն այնքան տարածում ստացավ, որ որոշ դերակատարներ սկսեցին «դաղալություններ» անել ու թրաֆֆիկ գնել։ Մի պահ վիճակն այնքան աբսուրդային էր, որ օրական 5 նյութ դրած կայքը օրվա վերջում կարող էր զբաղեցնել առաջին տեղը՝ 300+ հազար այցելություններով, ինչը պարզապես բացառվում էր, եթե թրաֆֆիկ չգնվեր։
Հետո հիշում ենք, թե ինչ եղավ․ Circle-ը սկսեց հանել իր ցուցակից այն կայքերը, որոնց բռնացնում էր թրաֆիկ գնելու վրա։ Հետո ինչ որ անհասկանալի ռեֆորմ արեցին, որի արդյունքը չգոհացրեց դերակատարներին, ու գրեթե բոլոր նշանակալից կայքերը հերթով դուրս եկան չափիչից, և արդյունքում նախագիծը, կարելի է ասել, մահացավ։

 


Հիմա Circle-ն էլ ակտուալ չէ, բայց դաղալությունը մնացել է։ Իրականում դա զավեշտալի է, որովհետև ոլորտին ծանոթ ցանկացած մարդ գիտի, որ օրվա, կամ էլ ամսվա վերջում հրապարակված բացարձակ թիվը ոչ մի նշանակություն չունի, քանի որ կա լրիվ անդեմ ու օբյեկտիվ չափիչ, որը կոչվում է Google Analytics, որով կարելի է ամենօրյա ռեժիմով տեսնել ոչ միայն իրական այցելությունների թիվը, այլև մանրամասն տվյալներ, թե որ երկրներից ես ստացել այդ տրաֆֆիկ, և համաձայնվեք՝ բավականին տհաճ կոնֆուզ կլինի ինչ-որ ռեսուրսի համար, եթե անալիտիքսի տվյալները ցույց տան միանգամայն այլ թիվ, քան հայտարարվում է, կամ էլ ցուցադրվում է այլ չափիչներով, կամ էլ թրաֆֆիկի աշխարհագրության արդյունքում պարզվի, որ այս կամ այն կայքի այցելությունների առյուծի բաժինը գալիս է ասենք Չինաստանից, Հնդկաստանից, Ինդոնեզիայից․․․
Ուստի, եկեք լինենք ադեկվատ ու եկեք կրկին չապականենք դաշտը, ինչպես դա արվեց Circle-ի ժամանակ։ Նման տենդենց ես տեսնում եմ, ուստի կոչ եմ անում Fair Play-ի։ Ստի ոտքը կարճ է։

 

Կոնստանտին Տեր-Նակալյան