Պետք է «ներսում» փոխվենք... Հիմա, երբ բոլորս ասում ենք, որ երկրի ներսում պարտադիր պետք է շուտափույթ և հիմնարար վերափոխումներ իրականացնել, որ այսպես այլևս էլ չի կարող շարունակվել՝ դրանք ուղղակի ասելու համար խոսքեր չեն և այդ ամենը չի կարելի «ականջի ետև գցել»: Միգուցե արդեն ուշացել ենք՝ ուղիղ մեկ ամիս, որովհետև այդ գործընթացը պետք է գնար ապրիլյան պատերազմի հենց երկրորդ օրվանից սկսած, երբ ամեն ինչ միանգամից այդքան ակնհայտ ու պարզ դարձավ: Իհարկե, հիմա տեսնում ենք, թե ինչպես են օր-օրի ավելանում պետական ոլորտում թալանի բացահայտումները: Բայց դա քիչ է, շատ քիչ՝ միայն դրանով ողջ բուրգը չես քանդի և շատ ավելի կորդինալ գործողություններ են հարկավոր:

 


Երբ մտածում ես, թե ինչու այնպես ստացվեց, որ մեր երկրում ընտրվեց Սովետական Միության մայրամուտին գործող կառավարման «լճացման-զաստոյի» մոդելը, դրա հնարավոր բացատրություններից մեկն էլ թերևս այն է, որ մեր սերունդը, ցավոք, ուրիշ ոչ մի այլ հասարակարգ, քան Սովետն էր, չեր տեսել, և ուղղակի պատկերացում էլ չուներ, թե այլ կերպ ինչպես կարելի է երկիր կառուցել՝ շարունակաբար ավելացնելով եղած բարիքները, այլ ոչ՝ հակառակը: Հուսադրողն այն է, որ մեր նոր սերունդն է գալիս, ավելի ճիշտ, արդեն եկել է՝ միանգամայն այլ՝ նոր, թարմ ու մաքսիմալիստական սկզբունքներով, ու արդեն տիրոջ պես ներկայացնում է իր պահանջները: Եվ եթե մի քիչ էլ ուշանան այդքան անհրաժեշտ վերափոխումները՝ հաստատ հարց լուծողն արդեն այդ նոր սերունդն է լինելու:

 

 

Ռուբեն Շուխյան