Ստատուս Քվոն վերջացավ, իսկ նորը երկար չի տևելու
1994-ից ձգվող 22-ամյա հարաբերական հրադադարը ամրագրել էր այն Ստատուս քվոն, որին բոլորն այնքան էին սովորել, որ թվում էր, թե այն հավերժ է։ Շարքային քաղաքացուց մինչև բարձրաստիճան գեներալ չէին կարող լիարժեք պատկերացնել, որ Ադրբեջանը լայնամասշտաբ ռազմական գործողություններ կձեռնարկի։ Ոմանք հավատում էին մեր Բանակին, ոմանք վստահ էին, որ Ռուսաստանը թույլ չի տա, ոմանք էլ պարզապես վստահ էին, որ Ադրբեջանը չունի բավական ռազմական ներուժ։
Սակայն եղավ չորսօրյա պատերազմը, ևս բոլոր այդ պատրանքները հօդս ցնդեցին, ու հիմա մենք պատմական խաչմերուկի առջև ենք։ Հասկանանք, թե ստեղծված իրավիճակում ինչ հնարավոր զարգացումների սցենարներ կան։

 


1․ Մադրիդյան սկզբունքներ
Միջնորդ երկրներն ու գերտերություններն անշուշտ աննախադեպ ճնշում են գործադրում Հայաստանի և Ադրբեջանի իշխանությունների վրա՝ ստիպելով ինչ որ եզրահանգման գալ և խաղաղության պայմանագիր կնքեր։ Ակտուալ փաստաթուղթը այսպես կոչված Մադրիդյան սկզբունքներն են, որոնք ենթադրում են 5+2 ֆորմատով շրջանների վերադարձ, անցումնային կարգավիճակ ԼՂՀ-ի համար, փախստականների վերադարձ և խաղաղապահներ։ Ենթադրենք մենք համաձայնվում ենք դրան։ Ես մի կողմ եմ դնում այն, որ Մադրիդյան սկզբունքներն ավելի շատ կապիտուլյացիայի պայմաններ են հիշեցնում և Հայաստանի համար խիստ ոչ շահեկան են, ու քննարկում ենք զուտ տեսական հավանականություն։

 


Պարզապես, հաշվի առնելով պատմական տխուր փորձը, երբ խաղաղապահները, որպես կանոն, չեն կարողանում կատարել իրենց ֆունկցիան, ու ամեն ինչ եզրահանգվում է պատերազմով, ինչպես նաև այն, որ ի տարբերություն 94-ի՝ հիմա հակառակորդը կոտրված չէ, այս սցենարը պարզապես մի անորոշ, բայց ոչ շատ երկար ժամանակով հետաձգում է նոր պատերազմը, որը սակայն վստահորեն կվերսկսվի ու կվերսկսվի մեզ համար ավելի անհարմար բնագծերից ու ավելի բարդ ռազմաստրատեգիական պայմաններում։

 

2․ Պատերազմական գործողությունների վերսկսում
4-օրյա պատերազմը ցույց տվեց, որ նոր պատերազմը արմատապես տարբերվելու է 88-94-ից։ Այն լինելու է ավելի արյունալի, ավելի դաժան, ավելի ամեհի ու ավելի տեխնոլոգիական։ Հայաստանի ու Ադրբեջանի պես փոքր երկրների պարագայում նման մարտական գործողություններ՝ նման զինվածության պարագայում, անհնար է անցկացնել շատ երկար ժամանակամիջոցում, որովհետև ցանկացած պարագայում, երկրներից մեկի, կամ էլ երկուսի հասարակության հոգեբանությունը չի դիմանա ավելի, քան 2-3 ամիս բախումների, քանզի զոհերի քանակը երկուստեք լինելու են շատ՝ ահավոր շատ։
Ընդ որում, եթե լինենք իրատեսական, ապա իրականում ոչ ,մի երաշխիք չկա, որ մեծաթիվ զոհերի գնով, կողմերից որևէ մեկը կարող է շոշափելի արդյունքների հասնել։ Որպեսզի պարզ լինի ասելիքս, մի հիպոթետիկ օրինակ բերեմ․ մենք կարող ենք իրենցից ևս մի 5 գյուղ ազատագրել, ոչնչացնել հակառայորդի մի 30 հազար զինվոր, բայց ինքներս էլ կկորցնենք օրինակ մի 10,000․․․ 5 գյուղերն այդպիսի գին ակնհայտորեն չունեն։ Արդյունքում, երկու բանակներն էլ մսաղացում կհայտնվեն ու արնաքամ կլինեն։
Չնայած, չի կարելի բացառել նաև զարգացման այլ տրամաբանություն, երբ կողմերից մեկը ջախջախում է հակառակորդին ու տանում է լիակատար հաղթանակ։ Ցանկացած պարագայում, կողմերը էլի հայտնվելու են բանակցային սեղանի շուրջ և արդեն հարց է, թե ինչ պայպաններով ու ով ստիպված կլինի ընդունել իր պարտությունը՝ վճարելով այլ պարտության գինը։

 

3․ Երրորդ ուժ
Եկեք հիշենք, թե ինչպես հանգուցալուծվեց դարասկզբի հայ-ադրբեջանական կոնֆլիկտը։ Իրար մի բոլ մորթեցինք, հետո եկավ Կարմիր բանակը, մարդա մի հատ վզակոթներիս տվեց ու տարբեր անկյուններում կանգնացրեց, իսկ հետո կարգադրեց իրար հետ յոլլա գնալ։ Դա փաստորեն աշխատեց, բայց աշխատեց այնքան ժամանակ, քանի դեռ էդ ջղային ձյաձյան նաև ուժեղ էր ու ադեկվատ, իսկ հենց թուլացավ ու ինքնասպանական վարք սկսեց ցուցաբերել, ամեն ինչ նորից պայթեց։
Կամ էլ այլ օրինակ՝ Հունաստան-Թուրքիա։ Կիպրոսի պատերազմի կիզակետում Քեռի Սեմը բաժանեց հակամարտող կողմերին, երկուսին ընդգրկեց ՆԱՏՕ-ի մեջ ու կարգադրեց իրար միս չուտել։ Թուրքերն ու հույները առաջվա պես իրար տանել չեն կարողանում, բայց արյունահեղությունը և հողերի վերաբաժանումը դադարեց։ Համենայն դեպս, քանի դեռ ՆԱՏՕ-ն կա և այդ երկու երկրները այդ ռազմաքաղաքական դաշինքի անդամ են, նրանց մեջ նոր պատերազմ չի ակնկալվում։

 


Հիմա մեր պարագայում, եթե ինչ-որ մի գիտաֆանտաստիկ սցենարով ակտուալ լինի երկու երկրներին նույն ռազմաքաղաքական դաշինքի, կամ էլ աշխարհաքաղաքական նորագոյացության մեջ ներառել, ապա տեսականորեն հնարավոր է նաև նման հանգուցալուծում։

 

Կոնստանտին Տեր-Նակալյան