Այսօր Մոսկվայում նախատեսված է Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստը: Այն նիստը, որ ապրիլի 8-ին նախատեսված էր Երեւանում, բայց այդպես էլ տեղի չունեցավ, ինչն արժանացավ Հայաստանի ղեկավարության կոշտ գնահատականին:
Մինչդեռ Եվրասիական միջկառավարական խորհրդի մոսկովյան այս նիստն էլ կարող էր չեղարկվել, եթե Հայաստանը որոշեր չմասնակցել դրան: Ու այս օրերին քաղաքական տարբեր շրջանակների ներկայացուցիչներ, փորձագետներ կամ պարզապես հանրային ակտիվություն դրսեւորող դեմքեր նշում էին, թե դա համարժեք ու «դուռ շրխկացնող» քայլ կլինի՝ վտանգավոր պահին Հայաստանի հանդեպ ոչ «միութենական» վերաբերմունք դրսեւորած ԵԱՏՄ գործընկերների նկատմամբ:
Հասկանալի է, որ երեկ, օրվա երկրորդ կեսին տարածված պաշտոնական հաղորդագրությունը, թե վարչապետ Հովիկ Աբրահամյանն աշխատանքային այցով ապրիլի 12-13-ը կմեկնի Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվա՝ մասնակցելու Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին, բավական բուռն արձագանք ստացավ, նախ, սոցցանցերում, ապա եւ քաղաքական, քաղաքագիտական շրջանակներում: Այս տեղեկությանը վերաբերող արձագանքների մի զգալի մասը սպասելի էր, որ հուզական եւ զգացմունքային լիներ։ Սակայն որքանո՞վ էին դրանք հիմնավոր։
Նախ, ակնհայտ է, որ Երեւանից հապշտապ Մոսկվա «տեղափոխված» այդ նիստին Հայաստանի վարչապետի մասնակցության վերաբերյալ երկրի ղեկավարությունն ընդհանուր քաղաքական որոշում է կայացրել: Սա ստուգապես այն դեպքը չէ, որ վարչապետը միանձնյա որոշում կայացներ: Պարզ է նաեւ, որ նախքան նման որոշումը բավական ծանրութեթեւ են արվել հնարավոր բոլոր տարբերակները:
Ի դեպ, ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստին չմասնակցելով այն տապալելու դեպքում Հայաստանը, ի լրումն ամենի, բավական անախորժ դրության մեջ կհայտնվեր նաեւ այն առումով, որ Եվրասիական տնտեսական խորհրդի նախագահը, կամ, ինչպես սիրում են ասել, ԵԱՏՄ վարչապետը այս պահին Տիգրան Սարգսյանն է, այսինքն՝ մեր երկրի ներկայացուցիչը: Բայց դա դեռ իր հերթին:
Բուն անախորժությունն ու ընդգծված բացասական նստվածք տված եղելությունը Երեւանում նախատեսված հիշյալ նիստը հետաձգելն էր, այսինքն՝ այն, որ նույն միության մեջ ընդգրկված առնվազն մեկ երկիր ամեն կերպ «խաղում» է մեր հակառակորդի կողմից: Շատ է խոսվել այն մասին, որ երեւանյան նիստն ամենայն հավանականությամբ ձախողել է Ղազախստանը՝ այդպիսով փորձելով իր որոշակի ծառայությունները մատուցել Ադրբեջանին, որն այդ օրերին լայնածավալ ագրեսիա էր ձեռնարկել Արցախի, ըստ էության, հենց Հայաստանի դեմ:
Դիտարկվեցին, հարկավ, եւ այլ վարկածներ, թե երեւանյան նիստի ձախողման հետեւում գուցե Ռուսաստանն է կանգնած, ու նման այլեւայլ ենթադրություններ շրջանառվեցին:
Հենց այդ ենթադրություններից ու նիստի հետաձգման բուն փաստից էլ արտածվում էին հրապարակային հարթակներում շրջանառվող տարբերակները, թե ինչպես կվարվի Հայաստանը: Ըստ էության, դիտարկվում էր ե՛ւ ընդհանրապես չմասնակցելու, ե՛ւ մասնակցելու, բայց կոշտ հայտարարությամբ հանդես գալու տարբերակը:
Հայաստանը որոշեց մասնակցել: Այսինքն՝ ԵԱՏՄ-ի հետ կտրուկ խզում ենթադրող քայլի չգնալ: Այսօր լիարժեք պարզ կլինի նաեւ, թե այդ նիստում Հայաստանի վարչապետը հայտարարություն կանի՞, թե՞ ոչ:
Ամեն պարագայում, «դուռ շրխկացնելու» պահը որքան էլ ընկալելի է զուտ հուզական, զգացմունքային, անհատական հարթությունների վրա, առնվազն վիճարկելի է քաղաքական առումով: Քաղաքականության մեջ, առավել եւս միջպետական հարաբերություններում, մանավանդ՝ նման ընդգրկում ունեցող հարթակներում «դուռ շրխկացնելը», «կամուրջ այրելը» ամենաճիշտ ու ամենախելացի քայլերը չեն:
«Դուռ շրխկացնելուց» առաջ պետք է կանխատեսել ու հաշվարկել նաեւ դրա հետեւանքները: Այո, այդպես կարելի է կարճաժամկետ դիվիդենտներ շահել, բայց կորցնել կարեւոր դիրքեր: Կյանքը, իհարկե ցույց կտա, թե ով էր ավելի իրավացի իր կանխատեսումներում ու մոտեցումներում: Բայց ամեն դեպքում դռներ շրխկացնելը վատ քաղաքական տոնայնություն է, նաեւ էապես նվազեցնում է քաղաքական մանեւրի հնարավորությունները:
Տվյալ պարագայում կարեւոր է, որ մեր պետությունը, ի դեմս իր ներկայացուցչի, առավել քան պարզորոշ հասկացնի ԵԱՏՄ-ական ու նաեւ անմիջական դաշնակիցներին, որ Երեւանում վաղուց արդեն չեն հավատում կոկորդիլոս(ներ)ի արցունքներին:
Այսինքն՝ Հայաստանը պետք է իր հստակ ու կոշտ վերաբերմունքն արտահայտի միութենական գործընկերների՝ գործընկերությանն անհարիր պահվածքի վերաբերյալ:
Ա.ՀԱԿՈԲՅԱՆ