Հովիկ Աբրահամյանը ապագա պատերազմի ու թափվելիք մեր արյան համար պատասխանատվությունը կվերցնի, եթե այցելի Մոսկվա' Եվրասիական համագործակցության վարչապետների հանդիպմանը: Ու թող մեղքը Սերժ Սարգսյանի վրա չդնի, եթե անգամ նա իրեն հրամայել է մասնակցել: Գալիս են պահեր, եթե ամեն մարդ ինքն է իր քայլի պատասխանատվությունը կրում և եթե պետք է' կատարում է քայլ ու ներկայացնում է հրաժարական:
Խնդիրը հետևյալն է, Հայաստանը ՀԱՊՔ-ի և Եվրասիական միության անդամ է: Մոսկվայի իմացությամբ Ադրբեջանը, որը այդ երկու կառույցներից ոչ մեկի անդամը չէ, պատերազմ է սկսում; Արդյունքում այդ կազմակերպությունները ոչ միայն Հայաստանի հետ համերաշխություն չեն հայտնում, այլև հակառակը, համերաշխություն են հայտնում Ադրբեջանի հետ և հրաժարվում են Երևան ժամանել նախորոք հայտարարված հանդիպմանը մասնակցելու:
Հանդիպումը տեղափոխում են Մոսկվա, առանց Հայաստանի համաձայնություն, ավելին, Ռուսաստանը հայտարարում է, որ շարունակելու է զենք մատակարարել Ադրբեջանին: Այս ամենը Ադրբեջանի դիվանագիտական հաղթանակն է հենց մեր "դաշտում": Եթե Հայաստանը մասնակցի այդ հանդիպմանը, ապա դա նշանակում է, որ ինքն էլ է ընդունում Ադրբեջանի կողմից սկսված պատերազմի արդար լինելը, որի հետևանքով Ադրբեջանը ազատ է ցանկացած պահին նոր պատերազմ սկսել:
Իսկ եթե Հայաստանը չի մասնակցում այդ հանդիպմանը, ապա մենք դառնում են քաղաքական գործոն և կտեսնեք, թե Հայաստանը ինչպես կլցվի տարբեր միջազգային պատվիրակություններով և կբարձրանա Հայաստանի միջազգային կշիռը:
Ստեփան Դանիելյան