Շատերիս են հարցրել «կցանկանաի՞ր լինել նախագահ»: ԵՎ շատերն այս հարցին տալիս են բացասական պատասխան: Նրանց մի մասը՝ զուտ անհամեստ չերևալու համար, իսկ մյուս մասը գիտակցելով պատասխանատվության աստիճանը, ծանրաբեռնվածությունն ու չափազանց դիմացկունության անհրաժեշտությունը՝ ինչի ականատեսն եղա վերջին մի քանի օրերին:
Հանրապետության նախագահի աշխատանքային գրաֆիկը սկսվեց դեռ օդանավակայանից՝ 14 ժամանոց անընդմեջ թռիչքից անմիջապես հետո:

 


Ներկայացնեմ նախագահի մեկ օրվա գրաֆիկը: Թերևս ամենաթեթև օրվա:
30-ը Մարտի 2016 թ.
Առավոտյան ժամը 9-ին (Հայաստանում ժամը 17:00) դիմավորեցինք ՀՀ նախագահին Թաֆթս համալսարանում: Չեմ բացառում, որ մինչ այդ նախագահն արդեն հասցրած լիներ կապի միջոցներով աշխատանքային ինչ-ինչ հարցերի անդրադարձած լիներ:
Այցի առաջին հանդիպումը տեղի ունեցավ Ֆլետչեր դպրոցի դեկան ադմիրալ Ջեյմս Ստավրիդիսի հետ: Մոտ մեկ ժամ տևած նախաճաշ-զրույցից հետո նախագահը տեղափոխվեց այն սրահը, որտեղ արդեն սպասում էին Թավիդյան հիմնադրամի կրթաթոշակի ծրագրի մասնակից ուսանողները: Շատ բովանդակային ու անկեղծ զրույցին հաջորդեց հարց-պատասխանը, որը նախատեսված կես ժամի փոխարեն տևեց մոտ մեկ ժամ: Այնուհետև սրահ ժամանեցին պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչները, որոնց հետ ևս շատ բովանդակային քննարկում անցկացվեց: Այս անգամ հարց տվողի դերում հանդես եկավ նաև նախագահը՝ լսելով միջազգային իրավունքի բարձր հեղինակություն վայելող պրոֆեսորների կարծիքներն ու մոտեցումները ԼՂՀ հարցի կարգավորման շուրջ: Չնայած այս հանդիպումներն անցնում էին շատ ջերմ մթնոլորտում, այնուամենայնիվ քննարկվող թեմաները պահանջում էին գերկենտրոնացում և մեծ ուշադրություն յուրաքանչյուր հնչած բառի նկատմամբ: Հավատացեք, շատ բարդ է:

 


Այնուհետև եկավ համալսարանի նախագահ Էնթընի Մոնակոյի հետ հանդիպման պահը: Հանդիպմանը, համաձայն նախապես հաստատված արարողակարգային ծրագրի, պետք է հաջորդեր 20 րոպեանոց կարճատև հանգիստ: Սակայն, քանի որ, ուսանողների հետ հանդիպմանը նախագահը չէր ցանկացել մեր հարցերը անպատասխան թողնել, ծրագրից մոտ կես ժամ շեղում էր առաջացել: Իսկ հաջորդ հանդիպումը Մասաչուսեթսի նահանգապետարանում էր, ուստի 20 րոպեանոց հանգիստը չկայացավ և ավտոշարասյունը անմիջապես ուղևորվեց նահանգապետարան:
Այնտեղ արդեն հանդիսավոր արարողությունն էր նախատեսված: Նահանգապետի ու Բոստոնի քաղաքապետի կողմից դիմավորելու և երկու երկրների օրհներգները հնչեցվելուց հետո ՀՀ նախագահին ուղեկցեցին նահանգապետի գրասենյակ՝ կրկին փակ հանդիպման: Նահանգապետի հետ հանդիպումից հետո տեղի ունեցավ լուսանկարման արարողությունը ինչին էլ հաջորդեց ճաշը համայնքների ղեկավարների և ներկայացուցիչների պալատի անդամների մասնակցությամբ, որից հետո կրկին լուսանկարահանում՝ այս անգամ՝ Հայոց ցեղասպանության հիշատակին նվիրված հուշատախտակի մոտ:
Այնուհետև նախագահն ուղևորվեց Հարվարդ հածալսարանի Քենեդու անվան կառավարման դպրոց՝ դասախոսության ու հետո կրկին ուսանողների հետ հանդիպման, կրկին հարց-պատասխան՝ սկսած ֆուտբոլից մինչև տարածաշրջանային և աշխարհաքաղաքական հարցեր, ԵՏՄ, ԵՄ, ԼՂՀ և այլն: Հետո կրկին հանդիպում: Այս անգամ Հարվարդ համալսարանի մարշալ Ջեքի Օ'Նիլի հետ:
Հետո նախագահը մեկնեց Սբ. Հակոբ եկեղեցի, ծաղկեփունջ դրեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձանին:

 


Արդեն մութ էր:
Համայմքի ներկայացուցիչների հետ կարճատև ընթրիքից հետո նախագահը տեղափոխվեց դահլիճ, ուր ներկա էին ավելին քան 600 մարդ:
Հնչեցին մի շարք ելույթներ, որոնց նախագահը շատ ուշադիր հետևում էր, նաև անգլերեն լեզվով, որոնց թարգամանությունը մասնագետները շշուկով հնչեցնում էին նախագահի համար: Եվ վերջում կրկին անգամ ելույթի հերթը նախագահինն էր: Այս անգամ ևս, շատ տպավորիչ ելույթ, կարևոր թեզեր և մոտեցումներ, որոնք համայնքի կողմից ընդունվում էին երկար տևող ծափահարություններով:

 


Եվ երբ եկավ օրհնության պահը, արդեն գիտեինք որ ծրագիրն ավարտված է, ժամանակն է վերադառնալու հյուրանոց, սակայն կրկին նախագահը զրույցի բռնվեց համայնքի ներկայացուցիչների հետ և քանի որ զրույցը երկու կողմերի համար էլ շատ հետաքրքիր էր, այն տևեց շատ երկար, ինչից հետո նախագահը մեկնեց հյուրանոց, որտեղ հավանաբար իրեն կփոխանցեին Հայաստանյան լրահոսով և իրադարձություններով բեռնված ipad-ը, քանի որ Հայաստանում արդեն առավոտ էր իսկ աշխատանքը սպասել չի կարող:
Իսկ հաջորդ օրը սպասվում էր կրկին հանդիպումներ, թռիչք Վաշինգթոն, մասնակցություն համաժողովի, այց Սպիտակ տուն, հանդիպում Արգենտինայի նախագահի հետ և այսպես շարունակ ...
Հ.Գ.
-Իսկ Դուք կցանկանայի՞ք լինել նախագահ:
Հ.Գ. 2

 


Վարդան Նիկոյան
01-ը Ապրիլի 2016թ.
գիշեր, ժամը 2:37
Բոստոն-Նյու Յորք ավտոբուս: