Ներկայացնենք ևս մի հին երևանյան շենք. Պուշկինի փողոցի 56 հասցեում է գտնվում Դեղատների գլխավոր վարչության երկհարկանի շենքը (նկարում): Այն կառուցվել է 19-րդ դարի 80-ականների վերջին (ճարտարապետ' Գուրեցկի), երբ Ռուսաստանի բոլոր նահանգներում պայքար էր տարվում համաճարագների դեմ: Այդ նպատակով կայսրության նահանգային վարչական կենտրոններում կառուցվեցին մասնագիտացված բուժկայաններ՝ դեղերի պահեստարաններով: Երևանում, Սուրբ Զորավոր եկեղեցուց մի փոքր ներքև, Թարխանյան փողոցի վրա կառուցվում է ահա այս անկյունային գեղեցիկ շենքը (ներկայիս Պուշկինի և Փարբեցու փողոցների խաչմերուկին):
20-րդ դարասկզբին այստեղ է տեղակայված եղել Երևանի քաղաքային գործադիր մարմնի (ուպռավա) բժշկական հարցերով զբաղվող հանձնաժողովը, իսկ Առաջին Հանրապետության օրոք՝ արդեն հանրային խնամատարության նախարարության բժշկասանիտարական բաժինը: Հայաստանի խորհրդայնացումից հետո, 1920-ի դեպտեմբերի 22-ի դեկրետով կազմակերպվում է Սովետական Հայաստանի առողջապահության նախարարությունը (ժողկոմիսարիատը), որը սկսում է գործել նույն այս շենքում՝ ընդհուպ մինչև 1936 թիվը: Այնուհետև շենքը տրամադրվում է առողջապահության նախարարության Հայբուժպետառին և նրա պահեստին:
1942-ի սկզբից այս շենքում և կից տարածքում գործել է Երևանի Քիմդեղագործարանը, որի արտադրամասերում պատրաստված ողջ արտադրանքը՝ դեղերը, բժշկական նյութերն ու պարագաները ուղարկվել են ռազմաճակատ: Հետագայում այստեղ է տեղակայված եղել Դեղատների գլխավոր վարչությունը, նաև կարճ ժամանակով՝ Հայ դեղագործության թանգարանը: Ներկայումս այստեղ դեղատների վարչության պահեստներն են և գործում է դեղատուն:
Ռուբեն Շուխյան