Մերձավոր Արևելքում ստեղծված քաոսային իրավիճակը և դրա ազդեցությունը նաև արտատարածաշրջանային գործընթացների վրա այն աստիճանի պայթյունավտանգ են դարձել, որ առկա իրողությունների և դրա մեղավորների մասին արդեն անթաքույց կերպով բարձրաձայնում են տարածաշրջանի անգամ ամենահանդուրժող և չափավոր դերակատարները:
Մասնավորապես, ս.թ. հունվարին ամերիկյան մի խումբ սենատորների հետ փակ գաղտնի քննարկման ընթացքում Հորդանանի թագավոր Աբդալլահ II-ը խիստ քննադատության է ենթարկել Թուրքիայի իշխանություններին՝ մեղադրելով նրանց այն հարցում, որ նպաստում են ահաբեկիչների ներթափանցմանը Եվրոպա և հանդես են գալիս «մերձավորարևելյան խնդիրների իսլամական արմատական լուծումների օգտին»:

 


Ըստ Հորդանանի միապետի՝ «Այն հանգամանքը, որ ահաբեկիչները հայտնվում են Եվրոպայում, հանդիսանում է թուրքական քաղաքականության մի մասը: Թեպետ ժամանակ-առ-ժամանակ հարվածում են թուրքերի ձեռքերին, այնուամենայնիվ նրանք են սանձազերծել ահաբեկիչներին»:
Աբդալլահ II-ը մասնավորապես նշել է, որ «Թուրքիան ձգտում է սիրիական հիմնախնդրի կրոնական հանգուցալուծման, այն դեպքում, երբ մենք փորձում ենք գտնել չափավոր տարրեր երկրի հարավում... Մենք, ինչպես նախկինում, ստիպված ենք զբաղվել ԻՇԻՊ-ի կողմից անընդհատ առաջացող մարտավարական խնդիրներով, այլ ոչ ռազմավարական հարցերով: Մենք բացարձակապես մոռացել ենք թուրքերի մասին, ովքեր այդ հարցում ռազմավարական տեսանկյունից մեր կողմից չեն»: Հորդանանի թագավորը պնդել է նաև, որ Անկարան աջակցում է իսլամական ծայրահեղականներին ոչ միայն Սիրիայում, այլև՝ Լիբիայում և Սոմալիում:

 


Հորդանանի թագավորի կարծիքը պաշտպանել է նաև այդ երկրի արտգործնախարար Նասեր Ջուդան՝ հայտարարելով. «Երբ ռուսական կործանիչները չթույլատրեցին թուրքերին «անվտանգության գոտիներ» ստեղծել Սիրիայի հյուսիսում, նրանք բաց թողեցին փախստականների հոսքերը դեպի Եվրոպա»:
Վերոգրյալը հերթական անգամ գալիս է հավաստելու այն իրողությունը, որ Թուրքիայի գործող վարչակազմի գործողությունները խնդրահարույց են դարձել անգամ գործընկեր կամ բարեկամական հանդիսացող երկրների համար. նշվածի մեկ այլ ակնհայտ ապացույց է ԱՄՆ-ի բարձրագույն իշխանությունների անթաքույց սառը վերաբերմունքը թուրք գործընկերների հանդեպ:

 

 

Արմեն Պետրոսյան