Հարգելի գործընկերներ, «Հրապարակ» օրաթերթը այսօր հերթական անգամ հերթական ապատեղեկատվությունն է տարածել, որ փակվել են ԲՀԿ երկու տարածքային կառույցներ՝ Նոյեմբերյանի ԲՀԿ տարածքային կառույցը եւ Բաղրամյանի ԲՀԿ տարածքային կառույցը։

 


Նշյալ լուրը հերթական ապատեղեկատվությունն է. Նոյեմբերյանի տարածքային կառույցը չի լուծարվել, որովհետեւ ԲՀԿ կանոնադրությամբ որեւէ տարածքային կառույց կարող է լուծարել միայն ԲՀԿ քաղաքական խորհուրդը։ Ինչ վերաբերում է ԲՀԿ Նոյեմբերյանի տարածքային կառույցի ընդամենը խորհրդին, դրա վերաբերյալ պարզաբանումներ արդեն տրվել են. ձեւավորվել է նոր խորհուրդ՝ նոր նախագահով, եւ առաջիկա օրերին ԲՀԿ Նոյեմբերյանի տարածքային կառույցի խորհուրդը կգումարի նիստ, որին կմասնակցի նաեւ ԲՀԿ նախագահը։
Ինչ վերաբերում է ԲՀԿ Բաղրամյանի կառույցին, ապա Բաղրամյանի ԲՀԿ կառույցը ինչպես գործել է, այնպես է շարունակում է իր բնականոն աշխատանքը։ Ընդամենը գրասենյակի տարածքի սեփականատերը հրաժարվել է երկարաձգել վարձակալության պայմանագիրը եւ ԲՀԿ Բաղրամյանի կառույցը տեղափոխվել է նոր, առավել հարմարավետ գրասենյակ։

 


Կրկին անգամ կոչ եմ անում հարգարժան լրատվամիջոցների իմ գործընկերներին, այդ թվում՝ «Հրապարակի» մեր հարգարժան գործընկերներին, առաջնորդվել բացառապես փաստերով, որքան էլ, հասկանալի պատճառներով, որոշ լրատվամիջոցների ուղղակի անհրաժեշտ է խեղաթյուրել փաստերը։
Մենք պատրաստ ենք ցանկացած հարցի վերաբերյալ տրամադրել սպառիչ եւ անաչառ տեղեկատվություն։ Ինչպես նաեւ՝ չենք զլանալու ցանկացած նման ապատեղեկատվության դեպքում հանդես գալ հերթական պարզաբանմամբ։


Հարգանքով՝ ԲՀԿ խոսնակ Վանիկ Էլիզբարյան