Հիսուսն ասաց աշակերտներին.
- Այս գիշեր դուք բոլորդ էլ լքելու եք ինձ, որովհետև Սուրբ գրքերում գրված է. «Հովվին պիտի սպանեմ, և հոտի ոչխարները պիտի ցրվեն»։ Բայց իմ հարություն առնելուց հետո ձեզնից առաջ պիտի գնամ Գալիլեա։ Պետրոսը պատասխանեց.
- Եթե նույնիսկ բոլորը լքեն քեզ, ես չեմ լքի։
Հիսուսն ասաց նրան.
- Ասում եմ քեզ, որ այս գիշեր, աքաղաղը դեռ չկանչած, դու երեք անգամ կուրանաս ինձ։
Պետրոսն ասաց.
- Եթե քեզ համար մեռնելու իսկ հարկ լինի, քեզ չեմ ուրանա։
Նույնն ասում էին նաև բոլոր աշակերտները։
Ապա Հիսուսն իր աշակերտների հետ եկավ մի տեղ, որի անունը Գեթսեմանի էր, և ասաց նրանց.
- Նստե՛ք այստեղ, մինչև որ գնամ աղոթեմ։
Եվ նա իր հետ վերցրեց Պետրոսին և Զեբեդեոսի երկու որդիներին։ Նա տրտմում էր և տագնապում։ Այն ժամանակ ասաց նրանց.
- Հոգիս մեռնելու աստիճան տխուր է. այստե՛ղ մնացեք և ինձ հետ արթուն հսկեցե՛ք։
Ապա մի փոքր առաջ գնալով՝ երեսի վրա գետին ընկավ և սկսեց աղոթել.
- Հա՛յր իմ, եթե կարելի է, այս բաժակը հեռացրո՛ւ ինձնից, բայց ոչ թե ինչպես ես եմ ուզում, այլ ինչպես դո՛ւ ես ուզում։
Հետո վերադարձավ երեք աշակերտների մոտ և նրանց քնած գտավ։ Ասաց Պետրոսին.
- Չկարողացա՞ք մեկ ժամ արթուն մնալ ինձ հետ։ Արթո՛ւն մնացեք և աղոթեցե՛ք, որպեսզի փորձության մեջ չընկնեք։ Հոգին կարող է հոժար լինել, բայց մարմինը տկար է։
Նորից, երկրորդ անգամ, Հիսուսը գնաց աղոթելու.
- Հա՛յր իմ, եթե կարելի է, այս բաժակը թող հեռանա ինձանից, իսկ եթե ոչ, կխմեմ այն. քո կա՛մքը թող լինի։
Նա վերադարձավ և դարձյալ իր աշակերտներին քնած գտավ. նրանց աչքերը չէին բացվում։ Հիսուսը դարձյալ թողեց նրանց ու գնաց երրորդ անգամ աղոթեց՝ նույն խոսքերն ասելով։ Ապա վերադարձավ իր աշակերտների մոտ և ասաց.
- Այսուհետև ննջեցե՛ք և հանգստացե՛ք. բայց ահա ժամը հասել է, և Մարդու Որդին հանձնվելու է մեղավոր մարդկանց ձեռքը։ Վե՛ր կացեք գնանք այստեղից, որովհետև ահա հասավ ինձ մատնողը։
Մինչ նա խոսում էր, ահա եկավ Հուդան՝ տասներկու աշակերտներից մեկը։ Նրա հետ էր սրերով և մահակներով զինված մի մեծ ամբոխ՝ ուղարկված ավագ քահանաների և ժողովրդի երեցների կողմից։ Հիսուսին մատնողը նրանց նշան էր տվել՝ ասելով.
- Ում որ համբուրեմ, նա՛ է Հիսուսը, ձերբակալե՛ք նրան։
Հուդան շուտով մոտեցավ Հիսուսին և ասաց.
- Ողջո՛ւյն, Վարդապե՛տ,- և համբուրեց նրան։
Հիսուսը նրան ասաց.
- Բարեկա՛մ, դրա համա՞ր եկար։
Ապա մոտեցան, բռնեցին Հիսուսին և ձերբակալեցին։ Հիսուսի հետ եղողներից մեկը ձեռքը երկարեց և իր սուրը քաշելով՝ հարվածեց քահանայապետի ծառային ու նրա ականջը կտրեց։ Հիսուսն ասաց նրան.
- Սուրդ տե՛ղը դիր, որովհետև ով սուր է վերցնում, սրով էլ պիտի մեռնի։ Կարծում ես, թե չե՞մ կարող իմ Հորն աղաչել, որ հիմա հրեշտակների ավելի քան տասներկու գնդեր ուղարկի ինձ մոտ։ Սակայն ինչպե՞ս պիտի իրականանան Սուրբ գրքերում գրվածները, թե՝ այսպես պետք է լինի։
Ապա ամբոխին դառնալով՝ Հիսուսն ասաց.
- Ի՞նչ է, ավազա՞կ եմ, որ այդպես սրերով և մահակներով եք հարձակվում ինձ վրա՝ ձերբակալելու ինձ։ Ամեն օր ձեզ հետ տաճարում նստում էի և ուսուցանում, ու չձերբակալեցիք ինձ։ Բայց այս բոլորը լինում է, որպեսզի Սուրբ գրքերում մարգարեների ասածներն իրականանան։ Այն ժամանակ աշակերտները բոլորն էլ թողեցին նրան ու փախան։
Նրանք ձերբակալեցին Հիսուսին և տարան Կայիափա քահանայապետի տուն, որտեղ հավաքվել էին Օրենքի ուսուցիչներն ու երեցները։ Պետրոսը հեռվից հետևում էր Հիսուսին մինչև քահանայապետի տան գավիթը, ուր մտնելով՝ նստեց սպասավորների հետ՝ տեսնելու համար, թե ի՛նչ է լինելու։ Մինչ այդ ավագ քահանաներն ու ամբողջ ատյանը աշխատում էին Հիսուսի դեմ սուտ վկայություն գտնել, որպեսզի սպանեն նրան, բայց չգտան, հակառակ նրան, որ բազում սուտ վկաներ ներկայացան։ Ի վերջո, երկու սուտ վկաներ եկան և ասացին.
- Այս մարդն ասում էր. «Ես կարող եմ Աստծու տաճարը քանդել և երեք օրում շինել այն»։
Քահանայապետը վեր կացավ և հարցրեց Հիսուսին.
- Քո դեմ եղած այս ամբաստանություններին պատասխան չե՞ս տալու։
Բայց Հիսուսը լուռ էր մնում։ Քահանայապետը դարձյալ հարցրեց Հիսուսին.
- Հանուն կենդանի Աստծու՝ ասա՛ մեզ, դո՞ւ ես Քրիստոսը՝ Աստծու Որդին։
Հիսուսը պատասխանեց.
- Դո՛ւ ես ասում։ Բայց ասում եմ ձեզ. այսուհետև Մարդու Որդուն պիտի տեսնեք ամենազոր Աստծու աջ կողմում նստած, և կտեսնեք, որ նա գալիս է երկնքի ամպերի միջից։
Այն ժամանակ քահանայապետը պատռեց իր վերարկուն և ասաց.
- Հայհոյեց. էլ ի՞նչ պետք ունենք վկաների. ահա հիմա լսեցինք նրա արած հայհոյությունը։ Ի՞նչ եք մտածում։
Նրանք պատասխանեցին. - Մահապարտ է։
Ապա սկսեցին թքել նրա երեսին և ծեծեցին. ոմանք էլ ապտակում էին նրան և հարցնում.
- Քրիստո՛ս, իմացի՛ր, ո՞վ է քեզ խփողը։
Մինչ Պետրոսը նստած էր դուրսը, գավթում, մի աղախին մոտեցավ նրան և ասաց.
- Դո՛ւ էլ գալիլեացի Հիսուսի հետ էիր։
Պետրոսը բոլորի առաջ ուրացավ և ասաց.
- Չգիտեմ, թե ի՛նչ բանի մասին ես խոսում։
Երբ նա գավթից դուրս էր ելնում, դռան առաջ մի ուրիշ կին տեսավ նրան և այնտեղ գտնվողներին ասաց.
- Սա էլ Նազովրեցի Հիսուսի հետ էր։
Պետրոսը դարձյալ ուրացավ և ասաց.
- Երդվում եմ, որ չեմ ճանաչում այդ մարդուն։
Մի քիչ հետո այնտեղ գտնվողները մոտեցան և ասացին Պետրոսին.
- Իրոք որ դու էլ նրանցից ես, քանի որ քո խոսվածքն էլ մատնում է քեզ։
Պետրոսը, ինքն իրեն անիծելով, սկսեց երդվել և ասել.
- Այդ մարդուն չեմ ճանաչում։
Եվ նույն պահին աքաղաղը կանչեց։ Պետրոսը հիշեց Հիսուսի խոսքը, թե՝ «Աքաղաղը դեռ չկանչած՝ դու երեք անգամ կուրանաս ինձ»։ Եվ դուրս ելնելով՝ դառնորեն լաց եղավ։
(Մատթեոսի ավետարան 26:31-75)
Ռուբեն վարդապետ Զարգարյան