Արդեն երևի երկու տասնամյակ խոսում ենք այն մասին, որ ՀՀ-ի գլխավոր ռեսուրսը՝ «մարդկային ռեսուրս»-ն է: Ընդունված է համարել, որ ՀՀ-ում կա բացառիկ ինտելեկտուալ, բանիմաց, պրոֆեսիոնալ մարդկային ներուժ, որի միջոցով մենք վաղը հասնելու են բացառիկ հաջողությունների: Միգուցե դա մասամբ վերաբերում է բնական գիտություններին, սակայն հումանիտարների պարագայում ես զերծ կմնայի նման դատողություններից: Չխորանալով այս հարցի ներքին հազար ու մի հանգամանքի մեջ (կրթական, գիտական հաստատությունների քաղաքականություն, պետական կառավարում, ուղեղների արտահոսք, դրա պատչառներ և այլն) փաստենք մեկ կարևոր իրողություն:

 


Եթե այդքան ուժեղ, մրցունակ ներուժ ունենք, ապա ինչպե՞ս հասկանալ հումանիտար մասնագետների մերօրյա դեֆիցիտը, որը օր օրի ավելի է սրվում: Օրինակ՝ տևական ժամանակ փորձում ենք հումանիտար ոլորտում փնտրել տարբեր երկրների մասնագետներ (երկրագետների)՝ ինչպես կրթական, այնպես էլ հետազոտական որոշ ծրագրեր իրականացնելու համար, բայց չենք գտնում: Իրականում նրանք չկան: Գտնվելով անվտանգային բարձր ռիսկայնության մեր նման տարածաշրջանում, մենք այսօր չունենք բավարար բանիմաց տարբեր մասնագետներ՝ օրինակ ՌԴ-ի, ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Չինաստանի և այլ պետությունների մասով: Այս իրավիճակում դրական առումով աչքի է ընկնում մեզանում ավանդաբար զարգացած արևելագետների բլոկը՝ պարսկագետներ, արաբագետներ, թուրքագետներ: Նույնը չի կարելի ասել շատ այլ ոլորտների մասին:

 


Կան բարձր կարևորության ոլորտներ/երկրներ, որոնց մասով մենք առհասարակ մասնագետներ չունենք: Եղած մեկ երկու հոգին էլ կա՛մ շատ տարեց են, կա՛մ զբաղվում են հարցերի պատմական կտրվածքով, կա՛մ ունեն մասնագիտական շատ նեղ ուղղվածություն. ասենք զբաղվում են միայն այս կամ այն երկրի կոնկրետ մի ոլորտով:

 


Ի դեպ այս վիճակը նոր չէ: Արդեն մի քանի տարի է դաշտում ունենք նման իրողություններ: Եթե մենք իրապես ցանկանում ենք հասկանալ մեր արտաքին միջավայրը, մեր հարևաններին ու աշխարհի մեծերին, մեր հետ կապված նրանց քաղաքականությունը, մենք պետք է իրական քայլեր ձեռնարկենք որակյալ մասնագետներ պատրաստելու ուղղությամբ: Սա ինչպես օրվա խնդիր է, այնպես էլ երկրի վաղվա օրակարգի կարևոր հարց է:

 

 

Ալեն Ղևոնդյան