Նոր ընտրական օրենսգիրքը կտպվի ամենաբարձր որակի սնդուսափայլ թղթի վրա։ Նման բարձր որակի թուղթ օգտագործում են այնպիսի աշխարհահռչակ ամսագրեր, ինչպիսիք են National Geographic-ը, Cosmopolitan-ը և Playboy-ը:

 


Տեղամասերում կգործի բարձր արագությամբ անվճար wi-fi։ Մասնագետների նկատած խախտումների քանակը կտրուկ կնվազի։
Նոր ընտրական օրենսգիրքը կսկսվի ԱԺ Նախագահ Գալուստ Սահակյանի ողջույնի խոսքով՝ չխմբագրած ողջույնի խոսքով։

 


Հաշվարկի ժամանակ մի քանի ծրարներից դուրս կգան ոչ թե քվեաթերթիկներ այլ շահող տոմսեր։ Ծրարը բացող հանձնաժողովի անդամը տուն կտանի արդուկ, հարիչ, սառնարան կամ ԱՎՏՈՄԵՔԵՆԱ։
Թեև նոր ընտրական օրենսգիրքը սահմանափակում է դիտորդների և ԶԼՄ ներկայացուցիչների մուտքը ընտրատեղամասեր, հեղինակները խոստանում են այդ թերությունը փոխհատուցել մեկ այլ դրական փոփոխությամբ՝ մասնավորապես օրենսգրքի շապիկին կտեղադրվի Քիմ Քարդաշյանի լուսանկարը։
Յուրաքանչյուր տեղամասում առնվազն մեկ անգամ կքվեարկեն հայկական շոու բիզնեսի սիրված երգիչ/երգչուհիներ։ Եթե սիրված երգիչ/երգչուհիների քանակը չբավարարի ընտրատեղամասերի քանակին, կհրավիրվեն ռուսական շոու բիզնեսի աստղեր։

 


ԳԱԶելները ոչ միայն կբերեն ընտրողներին տեղամաս, այլև քվեարկելուց հետո կտանեն Մոնումենտ, քաղաքից դուրս կամ ընտրողի նախընտրած մոլ։
Ընտրական հանձնաժողովների լավագույն անդամները կնկարահանվեն «Ճակատագրի քվեաթերթիկ» հեռուստասերիալում։

 


Չակ Նորիսի օգտին քվեարկած քվեաթերթիկները այսուհետ չեն ճանաչվի անվավեր, այլ կհաշվարկվեն մնացածների հետ միասին։ Հաղթանակի դեպքում պարոն Նորիսը կստանձնի ՀՀ Նախագահի պաշտոնը։
Հայաստանում կգործի էլեկտրոնային քվեարկություն։ Թեկնածուները ում լուսանկարը Ինստագրամում կհավաքի ամենաշատ լայքերը, ավտոմատ կդառնան ԱԺ պատգամավորներ և կստանան iPad.
Հանձնաժողովների անդամների բազմաթիվ խնդրանքներով, բացի երկար տեքստերից և երբեմն ձանձրալի հոդվածներից, ընտրական օրենսգրքում կլինեն պատկերազարդ բաժիններ։

 

ArmComedy