Եվրոպայի պատմությունն իմացող մարդկանց համար ծիծաղելի է, երբ անգամ եվրոպացիները կանխատեսում են միասնական Եվրոպայի փլուզում, այն էլ միայն այն պատճառով, որ Սիրիայից ու Իրաքից միգրանտներ են լցվել: Կամ այն պատճառով, որ եվրոպական պետությունները չեն կարողանում միասնական մոտեցում որդեգրել շատ հարցերում:

 


Եվրոպան միշտ եղել է միացյալ' որպես մեկ կայսրություն, միշտ: Սկզբում Հռոմեական կայսրությունն էր, հետո Բյուզանդականը, հետո Կառլ Մեծինը, հետո Հռոմեական սրբազան կայսրությունը, Կաթոլիկ եկեղեցին, հետո Նապոլեոնինը, հետո ֆաշիստական կայսրությունը, հիմա էլ Եվրամիության կայսրությունը:

 


Ու Եվրոպան միշտ եղել է ակտիվ միգրացիոն հոսքերի կիզակետում: Չի եղել ու չկա մաքուր ֆրանսիացի, գերմանացի, բրիտանացի, առավել ևս իտալացի կամ իսպանացի: Եղել են եվրոպացիներ:
Ճիշտ է, ոչ բոլոր եվրոպական երկրներն են եղել միևնույն կայսրության մեջ, հաճախ են կայսրության առանձին մասերը միմյանց դեմ պատերազմել: Բայց Եվրոպան միշտ եղել է մեկ օրգանիզմ: Եվրոպան ռոտացիոն կարգով կառավարել են եվրոպական բոլոր առաջատար ազգերը:

 


Ու Եվրոպան միշտ զարգացել է' թե պատերազմներից առաջ, թե պատերազմների ժամանակ, թե պատերազմներից հետո: Եվրոպացիներն անգամ հիմնեցին նոր որակի վերազգային կայսրություն օվկիանոսից այն կողմ' ԱՄՆ-ն' ամբողջ աշխարհին թելադրելով կյանքի եվրոպական պատկերացում և ձև:
Իսկ մենք' կիսաասիացիներս ու կիսաեվրոպացիներս (օրինակ ռուսներ, հայեր, վրացիներ), ցավոք դեռ միջնադարի ու նոր ժամանակների զարգացման մակարդակում ենք: Ու դրա պատճառը միայն թուրքերը, իսլամը ու հետամնաց ասիացիները չեն: Դրա պատճառը տնտեսապես ու քաղաքականապես բավարար առաջադեմ չլինելն է եղել, մենք զարգացել են մշակութապես, բայց ոչ քաղաքակրթապես:

 

 

Տիգրան Խաչատրյան