Թուրքիան փորձում է բացը լրացնել իրանական շուկայի հաշվին: Ըստ հրապարակված թուրքական տվյալների' այս տարվա հունվարին թուրքական արտահանումը գրանցել է 2011 թ. ի վեր ամենացածր ցուցանիշը: Հունվար ամսին թուրքական արտահանումը նվազել է շուրջ 15 տոկոսով' կազմելով մոտ 9 մլրդ դոլար: Ռուսական պատժամիջոցների պատճառով մոտ 65 տոկոսով նվազել է դեպի Ռուսաստան արտահանումը: Թուրքական արտահանման մեջ ռուսական մասնաբաժինը նախորդ տարվա 3 տոկոսի փոխարեն հասել է 1 տոկոսի: Նախորդ տարվա հունվարին Թուրքիայից ռուսաստան արտահանումը կազմել է 313 մլն դոլար, մինչդեռ այս տարի այն չի գերազանցել 109 մլն-ը: Թուրքիայի կառավարության գնահատականներով' 2016 թ. ընթացքում արտահանման վնասը կկազմի 10 մլրդ դոլար' ռուսական պատժամիջոցների պատճառով:

 


Թուրքական տնտեսության ոլորտի պատասխանատուներն այս բացը փորձում են լրացնել Իրանի հաշվին: Իրանի նկատմամբ տնտեսական պատժամիջոցների վերացումից հետո թուրքական գործարար շրջանակները Իրանը դիտարկում են որպես Թուրքիայի համար խոշոր ու կարևոր շուկա, ոչ միայն տնտեսական ուղղակի գործունեության, այլ նաև Թուրքիայի միջոցով արտասահմանյան այլ ընկերությունների ու ներդրողների համար որպես միջնորդ հանդես գալու տեսանկյունից: Ըստ որոշ գնահատումների' Իրանում թուրքական առևտրային ներկայացուցչության բացումը կարող է խթանել թուրքական արտահանումը 8-10 տոկոսի շրջանակներում: Բացի այդ, թուրքական կողմը տարբեր փաթեթներ է պատրաստում' իրանական շուկայում տնտեսական ներդրումների ոլորտում:

 


Վերջին տարիներին էականորեն նվազել է Թուրքիայի և Իրանի միջև առևտրաշրջանառությունը: 2012 թ. այն կազմել է 22 մլրդ դոլար, իսկ 2014 թ.' 13.7 մլրդ: Ըստ թուրքական գնահատումների' կարճաժամկետ հեռանկարում երկկողմ առևտրատնտեսական հարաբերությունների ցուցանիշը կարող է հասցվել 30 մլրդ-ի:

 

 

Լևոն Հովսեփյան