Փարիզի հաշտության վեհաժողովը (1919 թ. հունվարից' մինչև 1920 թ. հունվար) գումարվել էր 1-ին աշխարհամարտի ավարտից հետո' պատերազմող երկրների միջև առաջացած տարածքային խնդիրները կարգավորելու նպատակով: Վեհաժողովում Հայաստանի Հանրապետության պաշտոնական պատվիրակության ղեկավարն էր Ավետիս Ահարոնյանը, առանձին կազմով մասնակցում էր նաև Ազգային պատվիրակությունը՝ Պողոս Նուբարի գլխավորությամբ: Հայկական կողմը 1919-ի փետրվարի 12-ին վեհաժողովին ներկայացրեց «Հայերի պահանջների վերաբերյալ» հուշագիրը և Միացյալ Հայաստանի ապագա սահմանների քարտեզը' պաշտոնապես վավերացված Հայաստանի կառավարության կողմից: Ներկայումս Ֆրանսիայի ազգային գրադարանում պահվող այդ պատմական քարտեզի հեղինակն էր Զատիկ Խանզատյանը (նկարներում):

 


Անվանի աշխարհագրագետ և քարտեզագետ Զատիկ Հակոբի Խանզատյանը (1886-1980) ծնունդով Զմյուռնիայից (Իզմիր) էր: Խանզատյանը ավարտել է տեղական Մեսրոպյան վարժարանը, ապա՝ Փարիզի նավագնացության բարձրագույն և Ֆրանսիայի ռազմածովային ուժերի գլխավոր շտաբի դպրոցները, ստացել կոմանդորի կոչում։ 1911 թ. հրավիրվում է Պոլիս (Ստամբուլ)՝ Օսմանյան Թուրքիայի ռազմածովային ուժերի վարչությունում աշխատելու համար և միաժամանակ վարում է մասնագիտական դասընթացներ Պոլսի ամերիկյան «Ռոբերտ» քոլեջում: Սակայն սկսվում է 1-ին աշխարհամարտը, և նա 1914-ին անցնում է Բուլղարիա, որից հետո վերջնականապես հաստատվում Ֆրանսիայում: 1919 թ. մասնակցում Է Փարիզի հաշտության վեհաժողովի նախապատրաստական աշխատանքներին, իսկ 1920-ին հրատարակում է 25 քարտեզից կազմված գիտական մեծ արժեք ներկայացնող «Պատմական Հայաստանի աշխարհագրական միասնության ատլասը»։

 


Խանզատյանը Ազգերի լիգայում վարել է աշխարհագրագետ-քարտեզագետի պաշտոնը։ 1920-1932 թթ. կազմել և հրատարակել է մի շարք երկրների տնտեսական աշխարհագրության հիմնարար ատլասներ։ Հետագայում նա դառնում է Ֆրանսիայի ռազմածովային ուժերի քարտեզագրության բյուրոյի ղեկավարը, որից հետո ստաձնում է Ֆրանսիայի գլխավոր քարտեզագետի պաշտոնը: Միաժամանակ 1930-1955 թթ. Խանզատյանը եղել Է Մուրադ-Ռաֆայելյան վարժարանի աշխարհիկ տնօրենը։ 2-րդ աշխարհամատի տարիներին նա մասնակցել է ֆրանսիական Դիմադրության շարժմանը։ Պատերազմից հետո Խանզատյանը ծավալել է հայրենասիրական գործունեություն, կազմել մի շարք ատլասներ, այդ թվում 1960-ին լույս տեսած և Սովետական Հայաստանի 40-ամյակին նվիրված հանրահայտ «Հայաստանի պատմական քարտեզագրություն» ատլասը (1960)։ Խանզատյանը եղել է ֆրանսահայ մշակութային միության պատվավոր նախագահը, ինչպես նաև' Հայկական ԽՍՀ Գիտությունների ակադեմիայի արտասահմանյան անդամը:

 

 

Ռուբեն Շուխյան