Ժառանգության բաց նամակը ԵԺԿ-ին
Պարոն Վիլֆրեդ Մարթենսին
Եվրոպայի ժողովրդական կուսակցության նախագահ
Հարգելի պարոն,
Ինչպես գիտեք, ս.թ. փետրվարի 18-ին Հայաստանում տեղի ունեցան նախագահական ընտրություններ: Դրանցում հիմնական պայքարը ծավալվեց ընդդիմադիր «Ժառանգություն» եւ իշխանական Հանրապետական կուսակցությունների առաջնորդների միջեւ. երկուսն էլ' Եվրոպական ժողովրդական կուսակցության դիտորդ-անդամ:
Մինչեւ ընտրությունները Դուք երկու թեկնածուներին հաջողություն մաղթեցիք եւ հույս հայտնեցիք, որ կանցկացվեն ազատ, արդար ու ժողովրդավարական ընտրություններ: Չնայած գործող նախագահի բազմաթիվ խոստումներին, դրանք ամենեւին ազատ եւ արդար չէին: Իրականում, ընտրությունների արդյունքները համակարգային կեղծման ենթարկվեցին, քանի որ Հանրապետական կուսակցության թեկնածուն փորձեց գողանալ հաղթանակը քվեատուփերի լցոնման, քվեաթերթիկների գողության եւ բազմակի քվեարկությունների միջոցով: Հրաշքի էր նման, որ չնայած քարոզարշավի ընթացքում գործող նախագահի կողմից պետական միջոցների լայնորեն չարաշահմանը, Րաֆֆի Հովհաննիսյանն առկա քվեների մեծամասնություն ստացավ ոչ միայն խոշոր քաղաքներում, այլեւ երկրի զգալի տարածքներում:
Կցված ֆայլերով Ձեզ ենք ներկայացնում ընտրությունների պաշտոնական արդյունքների՝ Policy Forum Armenia հեղինակավոր անկախ կազմակերպության կողմից իրականացված վերլուծությունը (որի հայտնաբերումները հաստատվել են աշխարհի մի քանի վիճակագիրների, այդ թվում' Կոլումբիայի համալսարանից Ֆրեդերիկ Սյոբերգի կողմից), ԵԱՀԿ/ԺՄԻՀԳ միջանկյալ զեկույցը, ինչպես նաեւ ԵԱՀԿ մի հեղինակավոր դիտորդի կողմից գրված վկայության նամակը: Այդ փաստաթղթերն ինքնին խոսուն են եւ լրացնում են փետրվարի 18-ին տեղի ունեցած ընտրախախտումների մասին մեծաքանակ վկայություններն ու տեսանյութերը: Այդ ամենը ոչ թե արդյունքների վրա էապես չազդող այստեղ կամ այնտեղ տեղի ունեցած պատահական խախտումների, այլեւ Հայաստանի քաղաքացու ժողովրդավարական կամքի կանխամտածված, պրոֆեսիոնալ խեղման ապացույցներ են:
Հակիրճ' Րաֆֆի Հովհաննիսյանը քվեների ճնշող մեծամասնություն է ստացել գրեթե ամեն մի տեղամասում, որտեղ արձանագրվել է ընտրողների միջին մասնակցություն, մինչդեռ Սերժ Սարգսյանը առկա քվեների գրեթե 100% կամ անգամ ավելին է ստացել բոլոր այն տեղամասերում, որտեղ ընտրողների 80-99% անհավանական մասնակցություն է գրանցվել:
Այսօր, երբ դե-ֆակտո նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորանքներ է ընդունում իր կեղծված «հաղթանակի» կապակցությամբ եւ շրջագայում է տարբեր երկրներով, Հայաստանի ժողովրդի ճնշող մեծամասնության կողմից ընտրված թեկնածուն՝ Րաֆֆի Հովհաննիսյանը, հացադուլ է սկսել՝ պահանջելով ճանաչել ընտրությունների իրական արդյունքները: Նա նաեւ բաց է եղել երկրորդ փուլ հայտարարելու հնարավորության հարցում:
Պարոն Մարթենս,
Հայաստանն առանց ժողովրդավարական եւ ազատ ընտրությունների, լեգիտիմ նախագահի եւ միջազգային չափանիշների ու ՀՀ Սահմանադրության պահպանման ապագա չունի: Հայ ժողովուրդը պարզապես չի կարող այլեւս ապրել այն ղեկավարի ներքո, որին չի ընտրել: Քաղաքացիների իրավազրկումը նրանց գրեթե զրկել է սեփական պետականության նկատմամբ հավատից: Մենք կոչ ենք անում հենց ԵԺԿ սեփական արժեքների ու չափանիշներին համապատասխան՝ վերանայել գործող նախագահին շնորհավորելու Ձեր որոշումը:
Մենք նաեւ հույս ենք տածում, որ ԵԺԿ-ը կճանաչի հայ ժողովրդի օրինական քվեն եւ չի նպաստի քաղաքական ճգնաժամի խորացմանը, որ ծավալվում է Հայաստանում: Այլ հակառակը, կդառնա ժողովրդավարության իրական առաջամարտիկ ոչ թե այս կամ այն կուսակցության, այլ ողջ հայ ժողովրդի համար, որը փետրվարի 18-ին վճռորոշ հույսով ու խիզախությամբ իր իրավազոր որոշումն է կայացրել:
Եթե ձեր նախագահական որոշումը, որը խեղում է օրինականության, քաղաքացիական ազատության եւ ժողովրդավարական արդարության եվրոպական ուղենիշերը, դառնա ԵԺԿ ողջ ընտանիքի պաշտոնական հանրակարգային դիրքորոշումը, մենք ստիպված կլինենք վերանայել այդ հեղինակավոր կազմակերպությանը մեր անդամակցությունը, քանի որ այն ցավալիորեն շեղվել է իր հիմնարար սկզբունքներից, արժեքներից եւ հանձնառությունից, որոնք մենք կիսում էինք ու ընկած էին անդամակցության հիմքում:
Հարգանքներով՝ Ձեր
Ստեփան Սաֆարյան
«Ժառանգություն» կուսակցության միջազգային քարտուղար
13 մարտի 2013թ., Երեւան, Հայաստան