Երևանի կիսամարաթոնի լիարժեք խորհուրդը... Փորձեմ ներկայացնել «Երեւան ՌԱՆԱՐՄ 2015» միջազգային մարաթոնի անցկացման խորհուրդը մեկ այլ տեսանկյունից: Միանգամից ասեմ, որ իրոք կային բազմաթիվ կազմակերպչական բացթողումներ, որոնք պետք է հաշվի առնվեն և շտկվեն ապագայում: Ինչպես հաղորդում են կազմակերպիչները, մարաթոնը կլինի ամենամյա՝ նպատակ ունենալով խթանել մարզաձևի տարածմանը, քարոզել առողջ ապրելակերպ և Հայաստանում զարգացնել սպորտային տուրիզմը: Այս ամենն արդեն դրական եմ համարում, եթե իհարկե արդյունավետ իրագործվի ապագայում:

 


Եկեք դիտարկենք՝ մեր մայրաքաղաքում դրվում է միջազգային մի մեծ սպորտային փառատոնի անցկացման նախադեպ, որը ևս մի առիթ է հանդիսանում ներկայացնել մեր երկիրը աշխարհին և միևնույն ժամանակ ներկայանալ աշխարհին որպես ԲՈԼՈՐԻ համար ԲԱՑ երկիր: Կոնկրետ այսօր տեսանք, որ վազորդներն ու թիմերին աջակցող երկրպագուները ներկայացնում էին ամենալայն աշխարհագրություն՝ ԱՄՆ և Կանադա, Ռուսաստան և եվրոպական երկրներ, Մերձավոր Արևելք և այլն: Իմ կարծիքն է, որ սա դրական նախադեպ է, և նմանատիպի միջազգային ձեռնարկումների թիվը Հայաստանում պետք է հնարավորինս ավելացվի ու խթանվի: Այսպես ձևակերպեմ՝ մենք պետք է ավելի բաց ու ընկալելի լինենք աշխարհի համար, որ վերջապես աշխարհն էլ հասկանա մեզ ու մեր նպատակները:

 


Համեմատության կարգով ասեմ նաև, որ այս տարի օգոստոսի վերջին Ծաղկաձորում ականատես եղանք մեկ այլ միջոցառմանը՝ որը կոչվում էր «Հաղթանակի ժառանգները»: Ի՞նչ էր դա՝ ընդամենը ռուս-ղազախա-ղրղզական «հավերժ միասին» մի զգեստավորված զավեշտական ֆլեշմոբ: Բայց մի՞թե դա է մեր վերջնական ընտրությունը, որին մեզ ներկայումս անդադար ուղղորդում են՝ ամեն գնով վերակենդանացնել այդ վաղուց արդեն պատմության գիրկն անցած սովետական ուրվականին: Կարծում եմ, որ ոչ:

 

Ռուբեն Շուխյան