Այն խոսքը, որ հայրենիքը սկսվում է սահմանից, իր արդարացումն ունի ՀՀ պարագայում, քանի որ հենց սահմանին ապրողներն են իսկական հայերն ու երկրի լիարժեք տերերը: Նրանք քնում են կրակահերթի տակ ու արթնանում գնդացրի որոտի ներքո:

 


Վերջին մի քանի օրերին ագրեսորի կողմից պարբերաբար ռմբակոծվում և հրետակոծվում են ՀՀ հյուսիս-արևելյան շրջանները' խաղաղ բնակչությանը պատճառելով մարդկային և նյութական կորուստներ: Այս ամենին գումարված գյուղացիների համար գերխնդիր է նաև դաշտերում փչացող գյուղմթերքը, որը հավաքելու համար գործնականում ստեղծվել է գրեթե անհնարին իրավիճակ (քանի որ Տավուշի մարզի շուրջ մեկ տասնյակ գյուղերին պատկանող հողամասերը գտնվում են հակառակորդի մշտական կրակահերթի տակ):

 


Սահմանապահ համայնքներում կենսապայմանների բարելավման և ներդրումային դաշտը էլ ավելի նպատակային դարձնելու համար նախորդ տարի, կառավարության նախաձեռնությամբ, ԱԺ-ն ընդունեց օրենք, որով սահմանամերձ համայնքներում բնակչության կոմունալ վճարները պետք է փոխհատուցվեն, մեկ այլ օրենքով սահմանամերձ համայնքներում փոքր ու միջին ձեռներեցությամբ զբաղվողներն ազատվում են շրջհարկից:
Գործադիրն իր այսօրվա նիստում որոշում է ընդունել, ըստ որի' սահմանամերձ բոլոր համայնքների բնակիչների սոցիալական պայմանների բարելավման նպատակով՝ գազի, էլէներգիայի, ոռոգման ջրի մասնակի ու հողի հարկի, անշարժ գույքի գույքահարկի ամբողջական փոխհատուցման նպատակով 2016թ. պետբյուջով կհատկացվի 928մլն դրամ:

 


Համաշխարհային ֆինանասատնտեսական անկայուն այս ժամանակահատվածում, երբ գրեթե բոլոր երկրներում առկա է տնտեսական բավականին երերուն իրավիճակ, սահմանապահ համայնքներին գոնե որոշակի չափով սոցիալական այս աջակցությունը, ողջունելի քայլ է:

 

Նարե Սարգսյան