Թբիլիսիի նախկին քաղաքապետը 1 օր ազատության մեջ մնալուց հետո դատապարտվեց 4.5 տարի ազատազրկման:
Ընդամենը մեկ օրով ազատության մեջ հայտնված Թբիլիսիի նախկին քաղաքապետ Գ.Ուգուլավան դատարանի վճռով երեկ ուշ երեկոյան՝ ժամը 22:00-ին ազատազրկման դատապարտվեց՝ 4 տարի 6 ամիս ժամկետով: Բանն այն է, որ շուրջ 16 ամիս նախնական կալանքի մեջ գտնվելուց հետո Սահմանադրական դատարանի որոշմամբ Ուգուլավան ազատ արձակվեց, սակայն դա երկար չտևեց, ընդամենը՝ մեկ օր:
Հետաքրքիրը նաև այն է, որ մեղադրյալ Ուգուլավան նիստին ներկա չէր և դատավորի կողմից վճիռն ընթերցվելու ժամանակ գտնվում էր դատարանից դուրս և այնտեղից իր համակիրների հետ միասին հետևում էր, թե ինչպես են իրեն «դատապարտում»: Բայց նշված որոշումն ընթերցվելուց հետո նախկին քաղաքապետն այնուամենայնիվ մտավ դատական նիստերի դահլիճ, որից հետո նրան ձեռնաշղթաներով տեղափոխեցին «Մատրոսովի» բանտ:
Ուգուլավան մեղավոր ճանաչվեց քննվող երկու գործերից մեկով՝ «Թբիլսերվիսի» մասով: Երկու գործով մեղավոր ճանաչվելու դեպքում նրան սպառնում էր շուրջ 9 տարի ազատազրկում: Ինչևէ, Ուգուլավան կրկին անազատության մեջ է, բայց նա, իհարկե, միակը չէ Սաակաշվիլիի թիմի նախկին ազդեցիկ պաշտոնյաներից. 2012թ.-ին Վրաստանում տեղի ունեցած իշխանափոխությունից հետո բանտում հայտնվեցին նաև նախկին վարչապետ Վանո Մերաբիշվիլին, ՆԳ նախարար Բաչո Ախալաիան, մի շարք նախկին պաշտոնյաներ դեռևս հետախուզման մեջ են, այդ թվում նաև՝ նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին:
Ալիկ Էրոյանց