Վերջին շրջանում գազալցակայաններում մեքենաների գազի բալոնների պայթյունները հաճախակի են դարձել, որոնք նաև մարդկանց կյանքեր են խլում:
Պայթյունների հիմնական պատճառն այն է, որ խախտվում են տեխնիկական անվտանգության կանոնները, այսինքն՝ լիցքավորում են բալոններ, որոնք նախատեսված չեն գազի համար և փորձաքննության ժամկետներ անցած չեն: Բացի այդ, Հայաստանի գազալցակայանների մեծ մասում «ավանդույթ» է դարձել լիցքավորել գազի բալոններն ավելի բարձր ճնշմամբ և ջերմաստիճանի ներքո:
Այս խնդիրների լուծման նպատակով, կառավարության վերջին նիստում քննարկել է գազի բալոնների շահագործման անվտանգությանը վերաբերող մի շարք հարցեր և որոշվել է ավտոտրանսպորտային միջոցների շահագործման անվտանգության օրենսդրական համալիր լուծման նպատակով փոփոխություններ և լրացումներ կատարել նախկինում ընդունած որոշումներից մեկում:
Հարկ է նկատել, որ համալիր լուծումներն ուղղվելու են Հայաստանում սեղմված բնական գազով աշխատելու համար գազաբալոնային համակարգերով լրակազմված ավտոտրանսպորտային միջոցների շահագործման անվտանգության բարձրացմանը, գազաբալոնային համակարգերի տեղադրմանը, վկայագրման գործունեությունների կազմակերպման կանոնակարգմանը, ինչպես նաև տրանսպորտային միջոցների լիցքավորման ժամանակ դժբախտ պատահարների կանխարգելմանը: Այդ նպատակով ձևավորվել է մասնագիտական աշխատանքային խումբ:
Հ.Գ. Մեքենաներում գազի բալոն տեղադրել կարող է գործից քիչ թե շատ հասկացող ցանկացած մարդ, սակայն լավ կլիներ, որ գազի բալոնները տեղադրվեին ոչ թե գործից «քիչ թե շատ հասկացող» անհատների, այլ հավատարմագրված կազմակերպությունների կողմից, ինչի արդյունքում պայթյունների և դժբախտ պատահարների թիվն անհամեմատ ավելի քիչ կլիներ:
Եվա Գրիգորյան