ԵԽԽՎ զեկուցող, բոսնիացի խորհրդարանական Միլիցա Մարկովիչը, «Ադրբեջանի սահմանամերձ շրջանների բնակիչներին միտումնավոր ջրազրկելու մասին» զեկույցը նախապատրաստելու նպատակով, նախօրեին ժամանել էր Բաքու: Սակայն ուշագրավը, ոչ թե վերջինիս' Բաքու կատարած այցն էր, այլ այն, թե ինչ է քննարկվել Միլիցա Մարկովիչի և Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հետ հանդիպման ժամանակ:

 

Հանդիպման ընթացքում նախարար Մամեդյարովը ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ սահմանամերձ գոտու ադրբեջանական բնակչությունը զրկված է Լեռնային Ղարաբաղում գտնվող Սարսանգի ջրամբարից օգտվելու հնարավորությունից։ Մամեդյարովը սրտնեղել է, նշելով, որ «հայերը թույլ չեն տալիս օգտվել ջրից»:

 


ԼՂՀ իշխանությունների համարժեք պատասխանը, որը ուղղված էր Մամեդյարովի ստահոդ հայտարարության սնանկությունը ի ցույց դնելուն, շատ չուշացավ:
Ադրբեջանը, Սարսանգի ջրամբարի հարցը շահարկելով, գրեթե միշտ նշում է, որ ջրամբարը անվտանգության առումով չի համապատասխանում նախանշված չափանիշներին, իսկ դրա վնասվելու դեպքում մեծապես կարող են տուժել ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գիծն ու ադրբեջանական հատվածի բնակավայրերը:

 


Փաստ է, որ ինչպես այս, այնպես էլ ադրբեջանական կողմից հնչեցված մի շարք այլ հայտարարություններ չեն համապատասխանում իրականությանը, քանի որ ԼՂ իշխանությունները, մեկ անգամ չէ, որ պատրաստակամություն են հայտնել ջրային ռեսուրսների համատեղ կառավարման շուրջ երկխոսություն սկսել Ադրբեջանի հետ, ինչը բազմիցս մերժվել կամ անպատասխան է մնացել: Խոսքը վերաբերում է ոչ միայն Սարսանգի ջրամբարին, այլ նաև Թարթառ գետից տարբեր ուղղություններով հոսող ջրերին:
Հ.Գ. Արցախի Մարտակերտի շրջանում Սարսանգի ջրամբարը կառուցվել է 1976-ին: 130մ հողե պատվար ունեցող հսկա այս ջրամբարում կա ավելի քան 600 մլն խմ ջուր: Այժմ ԼՂՀ-ն Սարսանգի ջուրն օգտագործում է ոչ միայն ոռոգման, այլև էներգետիկ նպատակներով:

 

Եվա Գրիգորյան