Բլոգեր Տիգրան Քոչարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

 

 

«Երկու օր է՝ հետևում եմ «Ժառանգության» ու ինչ-որ ՀԿ-ի ղեկավարի միջև լեզվա և ոչ միայն կռիվը: Ինչքան հասկացա լայքերից՝ ՀԿ-ին սատարում են ազատդեմոկրատականները:
Գործը հասել է ծեծկռտուքի, գազային զենք հանելուն ու կրակելուն, ոստիկանություն և այլն:

 

 

Շատերը չարախնդում են, թե տղերքը, Պուտինին թողած, իրար միս են ուտում, քաղաքականը գողական են սարքում և այլն, և այլն:

 

 

Իսկ ինձ համար մեծ ցավ է այս ամեն ինչը տեսնել:
Անձամբ ինձ համար Բաղրամյանի ակցիան մինչև պառակտվելը մեծ, լուսավոր կետ էր վերջին քսան տարվա խավարից հետո: Երիտասարդների ոգին, աչքերի միջի լույսը, հավաքական կամքը: Պողոտայի աուրան: Պարզ է, որ ով ասես կլիներ պողոտայում՝ և՛ ուժայինններից, և՛ պետությունից, և՛ դեսպանատներից, բայց բոլորը մի նպատակի համար էին եկել այդտեղ: Ազգային թասիբի զարթոնքի համար էին հավաքվել:

 

 

Ասել եմ, այսպիսի բան մեկ էլ 95-96-ին է եղել:
Իսկ այժմ սկսել է վհուկների որսը, պառակտումը, ներդրվածների ու արտադրվածների որոնումը, վերմակի ձգումը միմյանց վրայից: Շատ սխալ բան է գնում: Շատ:

 

 

Ու սա ներկուսակցական ու ներակտիվիստական խնդիր չի: Բոլորը ձեզ են նայում, Բաղրամյանի նորահայտ հերոսներին: Հազարավոր մարդիկ, ովքեր ո՛չ կուսակցական էին, ո՛չ ակտիվիստ, բայց եկան, նոր սերնդի կողքին կանգնեց: Հպարտացավ նոր սերնդի, նոր արյան համար:
Պետք չի հիմա կրկին պառակտել ու հիասթափեցնել այդ մարդկանց: Պետք չէ կրկին ետ շպրտել իրավիճակն ու կրկին սպասել նոր սերնդի գալուն:

 

 

Ոչ այդքան ժամանակ ունենք, ոչ էլ ռեսուրս»: