Հայրենիքն ու պետությունը սկսվում են սահմանից՝ Մովսեսից, Ներքին Կարմիրաղբյուրից և Բերդի մյուս գյուղերից և ոչ երբեք Հյուսիսային փողոտայից...
5 օր Բերդի «տարածաշրջանում» էինք, սահմանային գյուղերից մի քանիսում եղանք: Գիշերում էինք Իծաքարի անտառի մեր վրանային ճամբարում: Տպավորությունները շատ տարբեր էին: Մի տեսակ շատ լուսավոր մարդիկ ու գորշ իրականություն: Վերջինս միայն մի մասով է կապված սահմանամերձ լինելու հանգամանքի հետ. մնացածը մեր «հնարամտության» խնդիրներն են:
Տեղի վիճակը բնորոշելու համար ճոռոմ բառեր պետք չեն, մի քանի հասարակ ձևակերպումներն էլ լիովին բավարար են: Մարդիկ ապրում են շատ աղքատ, կարոտ ցանկացած բարի նորության, դրական նախաձեռնության, բայց խիզախ ու համարձակ: Տեղաբնակներից մեկի հետ զրուցելիս ասում է. «էս պատերազմ էլ խի չի սկսում, մտնենք վերջները տանք: Հոգնել ենք էս անորոշությունից»: Ի դեպ ասողը մարդ էր, ով տեղի չափանիշներով բարեկեցիկ էր ապրում:
Բայց ամենից ահավորը այն էր, որ մարդիկ ասում էին, թե իրենց մոռացել են, իրենք անտեսված են, իրենց նկատմամբ անտարբեր են: Մի տեսակ վատ զգացի դրանից: Մենք տաք-տաք նստած Երևանում «փիլիսոփայում» ենք երկրի, պետության, նրա խնդիրների, նրա անվտանգության ապահովման մասին, հետո անվտանգ գնում պարկում ենք մեր անկողիններում ու քնում: Իսկ իրենք իրենց կաշվի վրա են ամեն օր զգում էդ անվտանգության անհրաժեշտությունը, գինն ու կարևորությունը:
Գյուղից ուզում էին տնական ձու գնել: Մոտեցանք առաջին տանը, հարցրինք, արդյոք վաճառքի ձու, պանիր, մածուն ունեն: Զարմացած մեզ են նայում: Ավելացնում են, թե վաղը կգաք կտանք, վաճառքը որն ա՞....
Էս ամենի խառը գունապնակով հանդերձ այս ռեգիոնը փայլուն լուսավոր մտքի տեր մարդիկ է տվել ու տալիս, ովքեր իրենց հողի ու ջրի արժեքն ու գինը լավ գիտեն: Մարդիկ, ուսանողներ, դասախոսներ և այլոք, ովքեր ոչ միայն չեն կորցնում սարերի ու անտառների մեջ իրենց' այդ «կորած-մոլորած» հայրենի գյուղերի հետ կապը, այլ նաև քայլեր են ձեռնարկում ամեն կերպ փոփոխելու իրավիճակը, հմտություններ փոխանցելու ու երիտասարդներին գյուղում պահելու համար:
Ալեն Ղևոնդյան