Ռուս գործարար Գերման Ստերլիգովը «Вконтакте» սոցցանցի իր տիրույթում մի հետաքրքիր գրառում է արել՝ ասելով, որ Ադրբեջանի նախագահ Ի. Ալիեւը խիզախել եւ ճանաչել է Արցախի անկախությունը:
Ստերլիգովը գրում է.
«Տասնյակ տարիների ընթացքում Լեռնային Ղարաբաղն անկախ պետություն չճանաչելուց հետո Ադրբեջանի ղեկավարությանը հեշտ չէր հայտարարել, որ Լեռնային Ղարաբաղն «Ադրբեջանի տարածք չէ»։ Եվ ամեն դեպքում՝ Ի. Ալիեւը գնաց այդ խիզախ քայլին»:

 


Հիշեցնենք, որ Ադրբեջանի Նասմինյան շրջանի դատարանը ռուս գործարարին ձերբակալելու որոշում է կայացրել: Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Ադրբեջանի գլխավոր դատախազության ծանր հանցագործությունների քննչական վարչությունը քրեական գործ է հարուցել «Ստերլիգովի եւ այլոց նկատմամբ՝ առանց համապատասխան փաստաթղթերի պետական սահմանն ապօրինի հատելու, պետության դեմ ուղղված հրապարակային կոչերի» փաստերով: Ստերլիգովի նկատմամբ Ադրբեջանը միջազգային հետախուզում է հայտարարել:

 


Ստերլիգովն ուշադրություն է հրավիրում հենց այդ փաստի վրա, որ այսպիսով Ադրբեջանի իշխանությունների կողմից ընտրվել է իրավաբանորեն անթերի ձեւ՝ հրաժարվելու Արցախը Ադրբեջանի տարածք համարելու մտքից.
«Ադրբեջանի օրենսդրությամբ սահմանված է՝ միջազգային հետախուզում եւ Ինտերպոլի միջոցով հետախուզում հայտարարում են այն անձի նկատմամբ, որը գտնվում է Ադրբեջանից դուրս։ Ըստ Ստերլիգովի՝ հիմա եթե ինքը գտնվում է Արցախում, ու Ինտերպոլի միջոցով հետախուզում են հայտարարում, նշանակում է Ադրբեջանը բաց եւ հրապարակային ճանաչում է Արցախի անկախությունը:
Արցախի նախագահի մամլո խոսնակ Դավիթ Բաբայանը հարցազրույցի ժամանակ նշել է, որ ռուս գործարարը «հրաշալի տրամաբանությամբ» բացատրում է, որ Ադրբեջանի իշխանությունների կողմից արդեն իսկ Արցախը ճանաչված է որպես առանձին պետություն, եւ նրանք դա բազմիցս ապացուցել են իրենց գործողություններով:

 


Ինչ մնում է հետախուզման փաստին, Դավիթ Բաբայանը պատասխանել է.
«Ստերլիգովը չի հանդիսանում Արցախի քաղաքացի, նա Ռուսաստանի Դաշնության քաղաքացի է, բայց նա մի մարդ է, որը գտնվում է Արցախում: Իսկ այն, որ Ադրբեջանը հետախուզում է հայտարարել, ասեմ, որ մենք մի մարդու, որը որեւէ վատ բան չի արել Ադրբեջանին, երբեք չենք փոխանցի Ադրբեջանին: Եվ վստահեցնում ենք նաեւ, որ ադրբեջանական քարոզչամեքենան ոչինչ անել չի կարող, Ադրբեջանի իրավապահ մարմիններն էլ չեն կարող գալ Արցախ եւ նրան ձերբակալել, սա ակնհայտ է բոլորի համար»:

 

Վրեժ Հովսեփյան